«Չիվնինգ». Մեծ Բրիտանիայում կրթաթոշակով ուսանելու հնարավորությունները ներկայացվեցին ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1314

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը և դեսպանության քաղաքական գծով պատասխանատու Մարիամ Բաղդասարյանն այսօր ՀՊՏՀ-ում ներկայացրեցին «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը: Կրթաթոշակային ծրագրի ներկայացմանը մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ,պրոֆեսոր Դիանա Գալոյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վարդան Աթոյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը: Կրթաթոշակային ծրագրի մասին տեղեկատվությունը հետաքրքրել էր բակալավրիատի, մագիստրատուրայի տասնյակ ուսանողների:
Ներկաներին ողջունեց պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը կարևոր է միջազգային կրթական փորձի փոխանակման, ինչպես նաև միջմշակութային հաղորդակցության տեսանկյունից:
Փոխդեսպան Էլիսոն Չիքը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար, նշեց, որ Մեծ Բրիտանիան «Չիվնինգ» ծրագիրը Հայաստանում իրականացնում է 1995թվականից՝ ուսանողներին ընձեռելով բացառիկ հնարավորություն: Փոխդեսպանը հույս հայտնեց, որ տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությունը շարունակական կլինի:
Կրթաթոշակային ծրագրի մանրամասները ներկայացրեց Մարիամ Բաղդասարյանը:
Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց Մարիամ Բաղդասարյանը՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը յուրաքանչյուր տարի կրթաթոշակային տեղեր է հատկացնում հայ ուսանողներին՝ հնարավորություն ընձեռելով 1 տարի սովորել բրիտանական բուհերի մագիստրատուրայում:
Հանդիպումը կազմակերպել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին