Փիլիսոփայության և հայոց պատմության ժամանակակից հարցերը՝ ամբիոնային սեմինարում

Դիտումների քանակ՝ 1729

ՀՊՏՀ ամբիոնային սեմինարների շրջանակում հերթական գիտական հանդիպումը վարեցին մեր համալսարանի փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի գիտնականները՝ մասնակիցների ուշադրությունը սևեռելով փիլիսոփայության, հայոց պատմության ժամանակակից հիմնախնդիրների վրա: Ներկա էին գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը և փոխտնօրեն-ավագ փորձագետ Վարդան Աթոյանը, աշխատակիցներ:

Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը ողջույնի խոսքում կարևորելով ամբիոնային հաշվետվությունները՝ վերահաստատեց, որ գիտահետազոտական ուղղությունը համալսարանի գործունեության կարևոր ուղղություններից մեկն է:

Ամբիոնի վարիչի ժ/պ, փ.գ.թ., դոցենտ Յուրի Հովականյանը և փ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ Արամ Սարգսյանը համառոտ ներկայացրեցին ամբիոնի վերջին տարիների գիտական աշխատանքի արդյունքը (ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ և այլն), ինչպես նաև ընթացիկ աշխատանքը և ակնկալվող արդյունքը:

Զեկուցումներ կարդացին Յուրի Հովականյանը, Արամ Սարգսյանը դոցենտ Մարիետա Նիկողոսյանը, ասիստենտ Անահիտ Ղազարյանը, դասախոս Արփինե Մալքջյանը: Քննարկման կենտրոնում էին ժամանակակից աշխարհում ազգային ինքնության հիմնախնդիրները, կրոնի գլոբալացման համապատկերում քաղաքակրթությունների բախման կետերը, մեր ազգային ինքնությունն անխախտ պահած կարևոր պատմական իրողությունները:

Զեկուցումներն ամփոփվեցին քննարկմամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին