Աջակցություն բնապահպանական կրթությանը. ՀՊՏՀ-ն և «Ֆլալեսս» կորպորացիան համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Դիտումների քանակ՝ 2216

«Ֆլալեսս» կորպորացիայի (ԱՄՆ) նախագահ Ալեքսանդր Մարգարյանը, կարևորելով ՀՀ տնտեսության զարգացման գործում որակյալ երիտասարդ կադրերի ներուժի ներգրավումը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները և ոլորտի մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը, համագործակցության առաջարկով դիմել է ՀՊՏՀ-ին:

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել բազմակողմանի աջակցություն՝ այդ թվում ֆինանսական, որը կնպաստի ՀՊՏՀ-ի և բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի գործունեության բարելավմանը և բնապահպանական կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև լավագույն ուսանողների և դասախոսների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, որակավորման մակարդակի բարձրացմանը, որը միաժամանակ կնպաստի ամբիոնի զարգացմանը և որակյալ կադրերի պատրաստմանը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը և Ֆլալեսս» կորպորացիայի նախագահ Ալեքսանդր Մարգարյանը օրերս ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է խրախուսել «Շրջակա միջավայրի տնտեսագիտություն» համահամալսարանական առարկայի շրջանակներում լավագույն ուսանողներին, աջակցել բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի նյութատեխնիկական և գույքային պայմանների բարելավմանը, աջակցել ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական վերապատրաստմանը, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների օտար լեզվի և մասնագիտական մակարդակի բարձրացմանը, բարձր առաջադիմությամբ ուսանողներին ցուցաբերել աջակցություն՝ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև աջակցել ուսման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների, ուսումնական նյութերի, գրականության ապահովման հարցերում:

Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնից հավելում են, որ համագործակցության արդյունքում արդեն իսկ տրամադրվել է ֆինանսական աջակցություն, որը համաձայն կարգի՝ մոտ օրերս կբաշխվի ըստ խնդիրների առաջնահերթությունների:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին