Տեղյակ ենք, որ այս կիսամյակից դասերը ավելի ուսանողակենտրոն են լինելու և ոգևորված ենք (լուսանկարային շարք)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում փետրվարի 25-ին մեկնարկել են 2018-2019 ուստարվա հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պարապմունքները: Հեռակա կրթաձևում 2-րդ կիսամյակի մեկնարկի կապակցությամբ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այցելել է ֆակուլտետներ, զրուցել ուսանողների հետ: Ուշագրավ է, որ ուսանողները խանդավառված են Տնտեսագիտական համալսարանում մեկնարկած կրթական բարեփոխումներից. մեզ հետ զրույցում նրանք հիմնականում նշեցին, որ խոստումնալից է «թելադրությունների միջոցով անցկացվող դասախոսություններից» ձերբազատվելու մասին՝ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը:
«Նորը սովորելու, բարեփոխվող միջավայրում կրթություն ստանալու տրամադրվածությամբ ենք սկսում 2-րդ կիսամյակը: Այսօր ծանոթացանք նոր առարկաների: Ի դեպ, տեղյակ ենք, որ այս կիսամյակից դասերը ավելի ուսանողակենտրոն են լինելու և ոգևորված ենք: Այսինքն, 80 րոպե միայն «լեկցիա» չենք լսելու, այլ մենք էլ ենք ներգրավվելու դասապրոցեսում»,-ասաց մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Էլեն Հովսեփյանը:
Ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսեցի Ռիմա Կալոյանի պնդմամբ էլ՝ հատկապես հեռակա համակարգում ուսանողները բանավոր քննություն հանձնելիս թերանում են, և պատճառը գործնական պարապմունքների (սեմինարների) պակասն է:
«Կարծում եմ, եթե դասերի ընթացքում ավելի շատ քննարկումային մթնոլորտ լինի, խոսենք, բանավիճենք՝ կզարգացնենք մեր հաղորդակցային հմտությունները և քննությունների ժամանակ չենք դժվարանա: Հույս ունենք՝ դասերի ձևաչափի հետ կապված այս կիսամյակում կզգանք փոփոխություններ»,-ասաց Ռիմա Կալոյանը:
Աուդիտ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Սահակյանն, ընդհանուր առմամբ, գոհ է կրթության որակից և ասաց, որ աշխատանքի պատճառով առկա համակարգից տեղափոխվել է հեռակա, սակայն այժմ էլ կարճ ժամանակահատվածում փորձում է առավելագույն գիտելիք յուրացնել, քննություններին պատշաճ ներկայանալ: Ինչ վերաբերում է սպասվող փոփոխություններին՝ արձագանքեց. «Կրթության որակի բարձրացմանն ուղղված փոփոխությունները միշտ էլ ողջունելի են ուսանողի կողմից»:
Սիրելի ուսանողներ, մաղթում ենք արդյունավետ ուսումնական փուլ և տեղեկացնում, որ ուսումնական գործընթացին վերաբերող կարևոր տեղեկատվություն միշտ կարող եք գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքում, համալսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Լուսանկարներում՝ ակնթարթներ 2-րդ կիսամյակի առաջին դասերից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին