Համագործակցության ամրապնդում. Ռուբեն Հայրապետյանն ընդունեց «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության տնօրենին
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այսօր ընդունեց «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանին, անձնակազմի կառավարման բաժնի ղեկավար Անահիտ Աստաբատցյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աննա Ասլանյանը:
Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Տնտեսագիտական համալսարանում այժմ փոփոխությունների փուլ է, նախատեսվում է վերանայումներ կատարել և ավելի արդյունավետ դարձնել պրակտիկաների կազմակերպման գործընթացը, բարեփոխել կրթական ծրագրերը և այս համատեքստում հատկապես կարևոր է գործատուների հետ համագործակցությունը: «Գործատուների հետ համագործակցությունը մենք շատ ենք կարևորում՝ պրակտիկաների կազմակերպման, կրթական ծրագրերի վերափոխման և հատկապես կրթական ծրագրերի վերջնարդյունքների ձևակերպման հարցում, և այս համատեքստում մենք այժմ հանդիպումներ և քննարկումներ ենք ունենում տարբեր կազմակերպությունների հետ: Մեր պետության տնտեսական կյանքում Տնտեսագիտական համալսարանը կենտրոնական տեղ և նշանակություն ունի, և ես համոզված եմ, որ մեր այս փոփոխությունները, որոնք անկեղծ են, կնպաստեն որակական լուրջ տեղաշարժ ապահովելուն»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը:
Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ երկկողմ համագործակցության ներուժ ունեցող ուղղություններին՝ մատնանշելով նաև կարճաժամկետ դասընթացների անցկացումը, փորձագիտական խորհրդատվության տրամադրումը: «Մենք հիմա նոր մոտեցում ենք ներդնում, և առաջին նախաձեռնությունն արդեն շատ բուռն արձագանքների է արժանացել: Մենք ցանկանում ենք, բացի հիմնական ուսումնական ծանրաբեռնվածությունը, ուսանողների համար դասերից դուրս կազմակերպել կարճաժամկետ դասընթացներ, որոնք կարող են դասավանդել պրակտիկ ոլորտում աշխատող մասնագետները: Մենք կարող ենք տրամադրել նաև փորձագիտական, մասնագիտական խորհրդատվություն՝ հաշվի առնելով, որ մենք ունենք գիտահետազոտական ներուժ»,- ասաց համալսարանի ղեկավարը:
«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշեց, որ իրենց ընկերությունը պատրաստ է ամրապնդել բուհի հետ առկա համագործակցությունը, աջակցել նոր նախաձեռնություններին և ծրագրերին, որոնք կառնչվեն ոչ միայն ուսանողներին, այլև դասախոսներին: Գագիկ Գրիգորյանը նշեց, որ իրենց ընկերությունը կարող է որոշակի աշխատանքներ առաջարկել նաև ուսանողներին՝ դրանով ևս աջակցելով: Արձագանքելով այս առաջարկին՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Տնտեսագիտական համալսարանում ևս «Աշխատող ուսանող» (Student job) գաղափարը արմատավորելու ցանկություն կա, որի նպատակը, թեկուզև խորհրդանշական աշխատավարձով, ուսանողներին համալսարանի աշխատանքներում ընդգրկելն է:
Անահիտ Աստաբատցյանը և Աննա Ասլանյանը ներկայացրեցին համալսարանի և ընկերության համագործակցության նախորդ փորձը՝ մասնավորապես նշելով վերապատրաստումների, լավագույն ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու մասին: Կողմերն ընդգծեցին, որ փոխգործակցությունը պետք է ամրացնել, վերանայել ձևաչափը և ներառել նոր ծրագրեր ու նախաձեռնություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին