Համագործակցության հեռանկարներ Հայաստանի պետական տնտեսագիտական և Մասսաչուսեթսի համալսարանների միջև
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը ս/թ հունվարի 27-ից փետրվարի 7-ը Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) հետ իրականացվող «ԱՄՆ-Հայաստան համագործակցության ծրագրեր» հետազոտական նախագծի շրջանակներում այցելել է ԱՄՆ Մասսաչուսեթսի համալսարան:
Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Սոս Խաչիկյանը՝ ներկայացնելով մանրամասներ: Նրա խոսքով՝ այցի հիմնական նպատակն էր միջբուհական հարաբերություններում կրթության, գիտության և հետազոտությունների ոլորտի համագործակցության ուղղությունների ներդրումը: Այդ շրջանակներում մշակվել է համագործակցության հուշագիր Մասսաչուսեթսի համալսարանի Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի հետ, որի հիմնական դրույթները նախօրոք քննարկվել էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ: Հուշագիրն ընդգրկում է համատեղ ծրագրերի՝ ուսանողների և դասախոսների փոխանակման, հետազոտությունների իրականացման, մագիստրոսական կրթական ծրագրերի ներդրման և այլ ոլորտներում համատեղ հանդես գալու հնարավորություններ:
Մասնավորապես՝ քննարկումների արդյունքում որոշվել է համատեղ աշխատել մագիստրոսական նոր կրթական ծրագրի վրա, որի արդյունքները պետք է վերաբերեն գործարար միջավայրի բարելավմանը՝ տեխնոլոգիական գործիքակազմի, սոցիալական նորարարությունների և էլեկտրոնային ժողովրդավարության զարգացման միջոցով:
«Այցի կարևոր ձեռքբերումներից էր նաև այն, որ Մասսաչուսեթսի համալսարանի գործընկերները ներկայացրեցին հանգամանալից տեղեկատվություն հարակից քաղաքների տնտեսական զարգացման պլանավորման գործում համալսարանի ունեցած կարևոր դերի մասին: Նրանք պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտության դեպքում կիսվելու իրենց փորձով և մշակած մեթոդաբանությամբ՝ Երևանը որպես քաղաքային տնտեսություն պլանավորելու և այդ գործում ՀՊՏՀ կարևոր դերակատարում ապահովելու առումով»,- ընդգծեց Սոս Խաչիկյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին