Կայացավ «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը

Դիտումների քանակ՝ 2245

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ հունվարի 29-ից փետրվարի 8-ն անցկացվեցին «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը: Այսօր ՀՊՏՀ մեծ մարզադահլիճում տեղի ունեցավ խաղերի փակման հանդիսավոր արարողությունն ու մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ-նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, նախարարության գլխավոր քարտուղար Վահե Էլոյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Ռազմիկ Ստեփանյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը, Օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը, ՀՊՏՀ արհկոմիտեի նախագահ Ալբերտ Ղազարյանը, մարզասերներ:
Հյուրերին և մարզիկ դասախոսներին ողջույնի և շնորհավորանքի խոսքեր ասացին Ռուբեն Հայրապետյանը, Գաբրիել Ղազարյանը և ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը:
«Հարգարժան հյուրեր, մարզիկներ, ողջունում եմ Ձեզ՝ մեր հարազատ համալսարանի պատերի ներքո: Ընդհանրապես, Տնտեսագիտական համալսարանը ավանդաբար շատ մոտ է կանգնած եղել սպորտին և այս ամբողջ ընթացքում, աշխատելով Տնտեսագիտական համալսարանում, զգացել եմ, որ մեր համալսարանը տնտեսագիտական-մարզական համալսարանի է նմանվում, որովհետև մենք մշտապես կարևորել ենք սպորտը»,- ասաց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ նշելով, որ սպորտը նաև մեծ դեր ունի իր կյանքում՝ անկախ զբաղվածությունից: Համալսարանի ղեկավարը, շնորհավորելով մարզական խաղերի մասնակից բոլոր համալսարանների ներկայացուցիչներին, հույս հայտնեց, որ առաջիկայում նման նախաձեռնությունները ավելի կշատանան՝ ակտիվորեն ներգրավելով ոչ միայն բուհերի դասախոսներին, այլև ղեկավարներին:
Շնորհավորանքի խոսք ասաց նաև Գաբրիել Ղազարյանը՝ իր խոսքում կարևորելով մարզական խաղերում պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնակցությունը և հույս հայտնելով, որ հաջորդ խաղերին ավելի շատ բուհեր կներգրավվեն:
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց մարզական խաղերին մասնակից բուհերի ներկայացուցիչներին, ապա ներկայացրեց՝ «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերն իրականացվում են 6-րդ անգամ: Հովհաննես Գաբրիելյանի խոսքով, եթե սկզբնական տարիներին այն իրականացվում էր 1 մարզաձևով, 6-7 բուհերի մասնակցությամբ, ապա այսօր նախաձեռնությանը մասնակցում են 1 տասնյակից ավելի բուհեր՝ 9 մարզաձևերում: Նա շնորհակալություն հայտնեց նաև Երևանի պետական համալսարանին՝ հրաձգության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանին՝ շախմատի և Հայկական պետական մանկավարժական համալսարանին՝ սեղանի թենիսի առաջնությունները հյուրընկալելու համար:
Շնորհավորանքներից հետո տեղի ունեցավ մրցանակների, պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման անցկացմանն աջակցել են ՀՊՏՀ ղեկավարությունը, արհկոմիտեն, Հայաստանի կանոյի և թիավարության ազգային ասոցիացիան, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին