ՀՊՏՀ գիտնականները՝ «Ստեղծարար միտք» դասընթացի մասնակիցներ

Դիտումների քանակ՝ 1173

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Լոնդոնի Սիթի համալսարանի (City University) և Չենջսքուլի (ChangeSchool) հետ համատեղ հունվարի 28-ից փետրվարի 1-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագրի շրջանակներում իրականացվում է «Ձեռնարկատիրական հմտություններ և դասավանդում» դասընթացը:
«Ստեղծարար միտք» ծրագիրն իրականցվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ:
Ծրագրի հայաստանյան կոորդինատորը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն է, որտեղից ստացված հրավերին արձագանքելով՝ դասընթացին մասնակցում են ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Սարգիս Ասատրյանցը և նույն ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Աննա Հարությունյանը:
«Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված այս դասընթացի նպատակը երիտասարդների շրջանում ձեռներեցության, ձեռնարկատիրական մտածելակերպի և հմտությունների զարգացումն է, որին էլ միտված են վերապատրաստման դասընթացները: Ծրագրի էությունն այն է, որ հետագայում այս վերապատրաստման մասնակիցներն իրենց գիտելիքներն ու փորձը տարածեն այլ երիտասարդների շրջանում»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Սարգիս Ասատրյանցը՝ նշելով, որ դասընթացին մասնակցում են Հայաստանի տարբեր բուհերի դասախոսներ:
Մեր զրուցակցի խոսքով՝ Տնտեսագիտական մայր համալսարանը շատ է կարևորում այս միջոցառումը, որը ոչ միայն վերապատրաստման, այլև աշխարհի փորձին ծանոթանալու և այդ փորձը մեր համալսարանում ներդնելու հրաշալի հնարավորություն է ընձեռում:
Սարգիս Ասատրյանցը նաև տեղեկացրեց, որ առաջին 3 օրերը վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել, իսկ երեկվա և այսօրվա աշխատանքներն առավելաբար միտված են փորձի փոխանակմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին