«Ստեղծարարություն և նորարարություն» անգլերեն դասընթաց՝ միտված մասնագիտական և լեզվական հմտությունների բարելավմանը

Դիտումների քանակ՝ 1697

ՀՊՏՀ լեզուների ամբիոնը կազմակերպել է «Ստեղծարարություն և նորարարություն» անգլերեն դասընթացը (“Creative and Innovation course”), որը հատուկ հրավերով վարում է «Սիներջի Արմենիա» ընկերության մարդկային ռեսուրսների ղեկավար Աննա Կոնջորյանը: Նախատեսվում է 8 դասախոսություն, որի ընթացքում կարծարծվեն աշխատաշուկայի արդի պահանջների, տեղեկատվական դարաշրջանում մասնագետներից պահանջվող հմտությունների մասին հարցեր, ինչպես նաև «Ֆուտուրիզմ և տնտեսական հեղափոխության ակնարկ», «Նորարարությունների մեխանիզմները և գործընթացները», «21-րդ դարի կրթություն» թեմաները: Մեկնարկը երեկ էր, քննարկման առանցքում՝ ստեղծարար մտածողության զարգացման հարցը, մասնակցում էին դասախոսներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Մեզ հետ զրույցում լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ, բ.գ.դ., դոցենտ Լուսինե Հարությունյանն ասաց, որ դասընթացին կարող են մասնակցել բոլոր ուսանողները, նպատակն է զարգացնել մասնագիտական, համակարգչային, լեզվական հմտությունները, նաև նախապատրաստել նրանց գործատուին պատշաճ ներկայանալուն:

Դասընթացավար Աննա Կոնջորյանն էլ վստահեցրեց՝ բոլոր հանդիպումներն անցկացվելու են ինտերակտիվ, քննարկումային մթնոլորտում, լինելու են խմբային աշխատանքներ, դասընթացն ամփոփվելու է թիմային նախագծի մրցույթով:

Երկրորդ դասն այսօր է, ժամը 14.15-ին, կառավարման ֆակուլտետի 217 լսարանում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին