Ռուբեն Հայրապետյան.Բոլոնիայի համալսարանի հետ համագործակցությունն առանցքային է ՀՊՏՀ միջազգայնացման գործընթացում

Դիտումների քանակ՝ 1277

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մշակում է գործողությունների ծրագիր՝ Բոլոնիայի համալսարանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրում ամրագրված նպատակները կյանքի կոչելու համար: Նշենք, որ մարտի վերջին Իտալիայի Բոլոնիայի համալսարանում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն, որի առիթով տվյալ համալսարան էին այցելել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը և որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը:

Հուշագիրը նախատեսում է համագործակցություն հետևյալ 4 ուղղություններով՝ կրթական, գիտահետազոտական, ուսանողների և աշխատակազմի շարժունություն: Հուշագրից բացի, ստորագրվել են ևս երկու փաստաթղթեր, որոնցից առաջինը սահմանում է փոխգործակցություն գիտահետազոտական ոլորտում, իսկ երկրորդը Վալենսիայի պոլիտեխնիկական (UPV), Հայաստանի պետական տնտեսագիտական (ՀՊՏՀ) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային (ՃՇՀԱՀ) համալսարանների կողմից իրականացվող «Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողներին Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի մասնաճյուղում պրակտիկա անցնելու, ավարտական աշխատանքը պատրաստելու հնարավորություն է ընձեռում՝ ճանաչելով տվյալ կրթական ծրագրի շրջանակներում ուսանողների կրեդիտները:

Բոլոնիայի համալսարանի հետ Տնտեսագիտական համալսարանի համագործակցությունը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը առանցքային է համարում համալսարանի միջազգայնացման գործընթացում: «Միջազգայնացումը ինքնանպատակ չպետք է լինի, մենք այս համագործակցությունից հետազոտական և կրթական հստակ արդյունք ենք ակնկալում: Համալսարանի բարեփոխումների ամբողջ համակարգում կարևոր է առաջատար համալսարանների հետ ակտիվ կապերի զարգացումը և նրանց լավագույն փորձի կիրառումը: Ընդ որում, նմանատիպ յուրաքանչյուր համագործակցություն բարձրացնում է ՀՊՏՀ-ի հեղինակությունը միջազգային ասպարեզում և ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ընդլայնելու առաջատար գործընկերների ցանկը: Հուշագրում և համաձայնագրում տեղ գտած դրույթների շահառուները թե՛ ուսանողներն են, թե՛ դասախոսները և թե՛ վարչական անձնակազմը: Միևնույն ժամանակ մենք ինքներս համալսարանի ներսում պետք է օրեցօր կատարելագործվենք, որպեսզի պատրաստ լինենք Եվրոպայի առաջատար համալսարանների հետ մշտական ռեժիմով համագործակցելու և մեծ քայլերով առաջ շարժվելու: Մենք պետք է շարունակենք բարեփոխումների մեկնարկած գործընթացը, որպեսզի մեր գործընկերները իմաստ և նպատակ տեսնեն մեզ հետ համագործակցելու մեջ»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում, անդրադառնալով Բոլոնիայի համալսարանի հետ սկիզբ առած փոխգործակցությանը, նշեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

«Այս երեք ստորագրված պայմանագրերի ուղղությամբ համագործակցությունը սկսելու համար պետք է կազմակերպական լուրջ աշխատանքներ իրականացնենք, որովհետև սույն փաստաթղթերը համագործակցության լայն հնարավորություն են ընձեռում Եվրոպայի ամենահին՝ շուրջ 1000 տարվա պատմություն ունեցող և միևնույն ժամանակ Եվրոպայի լավագույն համալսարաններից մեկի հետ: Գործողությունների մշակվող ծրագիրը կներառի ինչպես համատեղ հետազոտությունների իրականացում, այնպես էլ շարժության ծրագրերի հաջորդ փուլում հայտարարված մրցույթին մասնակցելու հնարավորություն: Ի դեպ, Բոլոնիայի համալսարանը առաջին անգամ է նախատեսում հայաստանյան համալսարանի հետ շարժության ծրագիր իրականացնել» - մեզ հետ զրույցում ասաց ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին