ՀՊՏՀ աշխատակիցները վերապատրաստվել են Էդինբուրգի Նափիեր համալսարանում

Դիտումների քանակ՝ 2373

Մեր համալսարանի արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Լիլիթ Մկրտչյանը և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող Աստղիկ Հովհաննիսյանը ապրիլին «Էրազմուս +» ծրագրի շրջանակում վերապատրաստվել են Էդինբուրգի Նափիեր համալսարանում (Մեծ Բրիտանիա): Այս մասին տեղեկացնում են արտաքին կապերի բաժնից և ներկայացնում այցի մանրամասները:

Անձնակազմի փոխանակման ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ վարչական աշխատակիցներն այցելել են համալսարանի երեք մասնաճյուղեր, մասնակցել են մի շարք հանդիպումների և սեմինարների, այդ թվում՝ համալսարանի ռազմավարության քննարկմանը: Լիլիթ Մկրտչյանը մասնակցել է «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Էդինբուրգի Նափիեր համալսարանից արտերկրում ուսումնառության մեկնող ուսանողների համար կազմակերպված տեղեկատվական հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվել են սովորողներին առաջադրվող պահանջները, անհրաժեշտ փաստաթղթերը, կրեդիտների փոխճանաչման գործընթացն ու դրան առնչվող այլ հարցեր:

Աստղիկ Հովհաննիսյանը մասնակցել է «Տեսողական մեթոդներն ու էթնոգրաֆիան միջդիսցիպլինար հետազոտություններում» թեմայով սեմինարին, որի ընթացքում ներկայացվել են տեսողական մեթոդների էությունը և միջդիսցիպլինար հետազոտություններում դրանց կիրառման և ազգային առանձնահատկությունների ուսումնասիրման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Մեր պատվիրակները նաև հանդես են եկել շնորհանդեսով և լսարանին ներկայացրել ՀՊՏՀ կրթական համակարգը, միջազգայնացման ոլորտում առկա արդյունքներն ու իրականացվող աշխատանքները, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ստեղծման նպատակն ու առաքելությունը, կենտրոնի հետազոտական ուղղություններն ու ձեռքբերումները: Նափիեր համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները ծանոթացել են Հայաստանի մասին հայտնի փաստերի, ապա մասնակից դարձել հայկական հյուրասիրության:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին