DAAD. Գերմանիայում ուսանելու ծրագրերը ներկայացվեցին ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1494

Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրերի (DAAD) շրջանակում կրթաթոշակներ են տրամադրվում ուսանողներին, բուհերի շրջանավարտներին, գիտությունների թեկնածուներին, հետազոտողներին: Նախաձեռնությունը նպատակ ունի խրախուսելու կրթության մեջ լավագույններին, աշխուժացնելու միջազգային կրթական համագործակցությունը: Այս մասին այսօր ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում ուսանողության հետ հանդիպմանն ասաց DAAD երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Անգելա Ներենցը: Իր գործընկեր, ուսումնական և կրթաթոշակային ծրագրերի խորհրդատու Շուշան Թադևոսյանի հետ նա մեր համալսարան էր եկել՝ ներկայացնելու Գերմանիայում ուսանելու հնարավորությունները, օտարերկրյա քաղաքացիների համար հետազոտական ծրագրերն ու ամառային դպրոցները:
Տեղեկատվական հանդիպմանը, որը նախաձեռնել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը, ներկա էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վարդան Աթոյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Կարեն Գրիգորյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը: Մասնակցում էին բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Վարդ Ղուկասյանը՝ ներկայացնելով հյուրերին և հանդիպման նպատակը: Այնուհետև Անգելա Ներենցը պարզաբանեց, թե ովքեր կարող են դառնալ DAAD կրթաթոշակակիր: Բանախոսությունը շարունակեց Շուշան Թադևոսյանը՝ մանրամասներ հաղորդելով գալիք ամառային դպրոցների վերաբերյալ:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի հետ զրույցում Շուշան Թադևոսյանը նշեց, որ բացի ամառային դպրոցներից, որոնց պարագայում առաջնային է գերմաներենի իմացությունը, կրթաթոշակային մյուս կրթական ծրագրերին դիմելու համար բավարար է անգլերենի իմացությունը: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ DAAD-ի կրթաթոշակով ՀՊՏՀ ուսանողուհի Տաթևիկ Հովհաննիսյանն այժմ ուսանում է Գերմանիայում:
Հանդիպման 2-րդ հատվածում ՀՊՏՀ-ականներն իրենց հարցերն ուղղեցին հյուրերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին