«Ամբերդ» կենտրոնի տնօրենը՝ ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի տնտեսության հարցերով փորձագիտական խորհրդի փորձագետ

Դիտումների քանակ՝ 2109

ՌԴ Սանկտ Պետերբուրգում տեղակայված ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի շտաբ-գրասենյակում՝ Տավրիկյան պալատում, սույն թվականի մարտի 12-ին կայացել է ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի տնտեսության հարցերով փորձագիտական խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցելու է հրավիրվել նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը: Նա ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի նոյեմբերի 29-ի թիվ 41 որոշմամբ, իբրև փորձագետ, ներառվել է ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի տնտեսության հարցերով փորձագիտական խորհրդի կազմում:

Այս մասին մեզ հայտնեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրենը՝ միաժամանակ պարզաբանելով, որ նորաստեղծ փորձագիտական խորհուրդն ունի մշտական բնույթ և ձևավորվել է ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի պրոֆիլային հանձնաժողովների գործունեության գիտական, փորձագիտական և խորհրդատվական աջակցման նպատակով: Այն իրականացնելու է տարբեր գործառույթներ, մասնավորապես ԱՊՀ երկրների տնտեսական օրենսդրության վերլուծություններ, ԱՊՀ մոդելային օրենքների մշակումներ և ԱՊՀ անդամ երկրներում դրանց տեղայնացման հնարավորությունների գնահատում, մոդելային օրենքների ընդունմանը հաջորդող ժամանակահատվածում տնտեսական և իրավական դաշտի մշտադիտարկում, կազմակերպելու է մոդելային օրենքների հանրային քննարկման հարթակներ՝ աջակցություն ցուցաբերելով նման օրենքների խորհրդարանական լսումների կազմակերպմանը: Խորհուրդը զբաղվելու է նաև ԱՊՀ անդամ երկրներում տնտեսական զարգացման համատեղ ծրագրերի և ռազմավարությունների մշակումներով:

«Միջոցառումը բավականին ներկայացուցչական է եղել: Դրան մասնակցել են ինչպես ԱՊՀ երկրներից ներգրավված փորձագետները, այնպես էլ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գրասենյակի գլխավոր քարտուղարը, վեհաժողովում ԱՊՀ երկրների ներկայացուցչությունների ղեկավարները և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավարը: Թեպետ փորձագիտական խորհրդի անդրանիկ նիստը եղել է հիմնականում ճանաչողական, սակայն քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Փորձագիտական խորհուրդն ընդունել է 2019-2022 թթ. համար նախատեսված պլանային միջոցառումների ծրագիրը և հստակեցրել է մոդելային օրենքների մշակման ու փորձագիտական ուղեկցման հիմնական առաջնահերթությունները: Իբրև հիմնական առաջնահերթություններ դիտարկվել են տնտեսական անվտանգության բնագավառին առնչվող խնդիրները, թվային օրակարգին նպաստող իրավական դաշտի կատարելագործման հարցերը և տնտեսական զարգացման ռազմավարությունների ներդաշնակեցման խնդիրները: Փորձագիտական խորհուրդը հանդես է եկել նաև ԱՊՀ տնտեսական զարգացման նոր ռազմավարության մշակման նպատակով ամենամյա «Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի» շրջանակներում ԱՊՀ տնտեսական կոնգրես ձևավորելու և նոր ռազմավարությունը քննարկման դնելու նախաձեռնությամբ»,- ներկայացրեց Արմեն Գրիգորյանը:

Այցի շրջանակներում մեր գործընկերը Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի հնարավոր համագործակցության ուղիները, ինչպես փորձագիտական խորհրդի կազմում, այնպես էլ` երկկողմանի համագործակցության ձևաչափով: Կողմերը հետաքրքրություն են ցուցաբերել ԵԱՏՄ-ում ՌԴ-ի և ՀՀ-ի անդամակցության արդյունքների համակողմանի վերլուծության և համատեղ հրապարակումների հարցերում:

Հանդիպման այլ մանրամասները և փորձագիտական խորհրդի նիստին ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի գրասենյակի արձագանքը հասանելի են կազմակերպության պաշտոնական կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին