Ուղեղային կենտրոնների դերի ու նշանակության շուրջ քննարկում` «Ամբերդ» հետազոտական կենտրոնում

Դիտումների քանակ՝ 2073

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնում հունվարի 31-ին տեղի ունեցավ կենտրոնի և հրավիրյալ փորձագետների հանդիպում-քննարկում «Ինչո՞ւ են կարևոր ուղեղային կենտրոնները» խորագրով: Հանդիպումը կազմակերպվել էր ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի կողմից հրապարակվող «Global Go To Think Tank» ամենամյա վարկանիշավորման զեկույցի հրապարակման նախաշեմին, որն ըստ էության աշխարհի լավագույն ուղեղային կենտրոնների միակ համապարփակ վարկանիշն է:
Ինչպես հայտնում են կենտրոնի մեր գործընկերները, հանդիպման հիմնական բանախոս՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը ներկայացրեց, որ հանդիպումը հետապնդում է մեկ կարևոր նպատակ՝ քննարկել ուղեղային կենտրոնների դերն ու նշանակությունը հանրային քաղաքականության բնագավառում, ինչպես նաև պետական հաստատություններ-ուղեղային կենտրոններ և հանրային քաղաքականության այլ սուբյեկտներ-ուղեղային կենտրոններ համագործակցության ու հարաբերությունների դրվածքը Հայաստանում: Բանախոսն անդրադարձավ «Global Go To Think Tank» ամենամյա վարկանիշավորման զեկույցում ներգրավված, այնպես էլ այդտեղ չներգրավված հայաստանյան ուղեղային կենտրոնների գործունեության մոնիթորինգի արդյունքներին, ներկայացրեց այլ ուղեղային կենտրոնների, ինչպես նաև Հայաստանի պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ կենտրոնի համագործակցության ձևաչափերին, համագործակցության հաստատման և խորացման խնդիրներին, ինչպես նաև հանրային քաղաքականության բնագավառում պետական կառավարման մարմինների կողմից կայացվող որոշումների փորձագիտական սպասարկման հետ կապված հիմնական խնդիրներին:
Բանախոսը շեշտեց, որ աշխարհի բազմաթիվ երկրներում քաղաքական մշակույթն այնպիսին է, որ ուղեղային կենտրոններ-հանրային քաղաքականության սուբյեկտներ համագործակցությունն ավանդաբար ունի ինստիտուցիոնալ բնույթ, ինչը Հայաստանի պարագայում դեռևս գտնվում է անհատական շփումների մակարդակում, սակայն նկատվում են նաև դրական տեղաշարժեր այս ուղղությամբ: Մասնավորապես ներկայացվեց ՀՀ Անվտանգության խորհրդի հետ կենտրոնի համագործակցության ձևաչափը, ինչպես նաև նախկինում ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ ձևավորված համագործակցության ձևաչափը՝ նշելով, որ այն դեռևս չի կրում հանրային քաղաքականության բնագավառում ընթացող գործընթացների վրա ազդելու գործառույթ, ինչպես որ զարգացած ուղեղային կենտրոնների ոլորտ և քաղաքական մշակույթ ունեցող երկրներում է: Սակայն բանախոսը շեշտեց, որ այնուամենայնիվ կարևոր է այն, որ պետական հաստատությունները ներկայումս ավելի մեծ տեղ են հատկացնում տարբեր նախաձեռնությունների հանրային քննարկումների կազմակերպմանը և հանրային քաղաքականության գործընթացներում ուղեղային կենտրոնների ներառականության ապահովմանը: Բանախոսը համոզմունք հայտնեց, որ հանրային քաղաքականության բնագավառում կայացվող որոշումների որակը էականորեն կարող է բարելավվել՝ ուղեղային կենտրոնների ներառականության ընդլայնմանը և վերլուծական-փորձագիտական գործառույթների արտապատվիրման տեմպերի ընդլայնմանը զուգընթաց: Կենտրոնի տնօրենը նշեց նաև, որ ինչպես կառավարությունում, այնպես էլ օրենսդիր մարմնում ուղեղային կենտրոնների ոլորտից բազմաթիվ մարդիկ են ներգրավվել, ինչը ևս ոլորտի զարգացման և համագործակցության ձևաչափերի խորացման հուսադրող ազդակ է: Ներկայացվեց նաև հանրային կարծիքի վրա ուղեղային կենտրոնների ազդեցության գործող միջոցների և ոլորտի ֆինանսավորման խնդիրների մասին: Բանախոսը նշեց, որ ուղեղային կենտրոնների հետ համագործակցության խորացումը պետական մարմիններին հնարավորություն կընձեռի բարդ և հանրային հնչեղություն ունեցող նախագծերի քննարկումների ժամանակ նաև դրանց մշակմանը մասնակցած կենտրոնների ջանքերով, այսպես կոչվող «փափուկ ուժի» կիրառմամբ հասնել քննարկման դրված հարցերի լեգետիմացմանը, ինչն առանցքային նշանակություն ունի նման դեպքերում: Ա. Գրիգորյանի զեկուցմանը հաջորդեց փորձագիտական քննարկում բարձրացված հարցերի առնչությամբ:
Նշենք նաև, որ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, ք․գ․դ․ Վարդան Աթոյանը Բրուքինգսի ինստիտուտից ստացված անհատական հրավերով ներկայումս գտնվում է Վաշինգտոնում (ԱՄՆ), որտեղ հունվարի 31-ին կազմակերպվել էր Փենսիլվանիայի համալսարանի 2018 թվականի լավագույն ուղեղային կենտրոնների գլոբալ վարկանիշվորման զեկույցին նվիրված՝ “Why Facts and Think Tanks Matter” համաժողովը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին