Տնտեսական հետազոտությունների իրականացման փոքր դրամաշնորհների մրցույթում հաղթել են 7 ՀՊՏՀ-ականներ

Դիտումների քանակ՝ 2325

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների նորաստեղծ կենտրոնի հայտարարած փոքր դրամաշնորհների մրցույթի արդյունքներն օրերս ամփոփվել են: Կենտրոնի հասարակայնության և արտաքին կապերի բաժնի ղեկավար Նարինե Մեհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հաղթողների թվում են 7 ՀՊՏՀ-ականներ՝ ասպիրանտ Թագուհի Միքայելյանը («Եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի կիրառման առավելությունները և հնարավոր ռիսկերը»), մագիստրանտներ Լուսինե Կաղյանը («Ինժինիրինգային ծառայությունների զարգացման առանձնահատկությունները ՀՀ-ում և ազդեցությունը տնտեսության վրա»), Լուսինե Ստեփանյանը («2017-2018 թթ. օտարերկրյա ուղղակի ներդրումների վերլուծություն»), ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի դասախոս Արփինե Սարգսյանը («Առևտրի մրցունակության գնահատումը կոռելացիոն վերլուծության միջոցով ՀՀ օրինակով)»), Աղավնի Գրիգորյանը («Բնակչության զբաղվածության հիմնախնդիրները ՀՀ-ում»), մագիստրատուրայի շրջանավարտ Ասատուր Միքայելյանը («Կարագի շուկայի ուսումնասիրություն»), 4-րդ կուրսեցի Գագիկ Բադադյանը («Անվճարունակության վարույթի առանձնահատկությունները ՀՀ-ում»):

Մրցույթի ամփոփման արդյունքում հաղթողների շարքում առաջինը հայտնի է դարձել ՀՊՏՀ «Ընդհանուր տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ասպիրանտ Թագուհի Միքայելյանը, ում հետ էլ զրուցեցինք: Նա նշեց, որ իր ներկայացրած աշխատանքը ուսումնասիրություն է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եկամտային հարկի համահարթ դրույքաչափի հաստատման բացասական և դրական հետևանքների վերաբերյալ:
«Մրցույթի շրջանակներում աշխատանքները բավականին հետաքրքիր էին և արդյունավետ երիտասարդ հետազոտողների համար: Առաջիկայում որպես փորձագետ շարունակական կլինի իմ համագործակցությունը  Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի հետ»,-ասաց ասպիրանտը:
Ի դեպ, հաղթած հետազոտությունները հեղինակների համաձայնությամբ հրապարակվելու են:
Հիշեցնենք, որ կենտրոնը փետրվարին հայտարարել էր փոքր դրամաշնորհների մրցույթ, որինկարող էին մասնակցել տնտեսագիտական և/կամ հարակից կրթություն ունեցող և ոլորտային ուսումնասիրություններ իրականացնող հետևյալ շահագրգիռ կողմերը՝ դասախոսներ,ասպիրանտներ և ուսանողներ, տնտեսական հետազոտություններ ու ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպություններ ու անհատներ, տնտեսական խնդիրներն ուսումնասիրող լրագրողներ, անկախ փորձագետներ, հասարակական կազմակերպություններ, ուսումնասիրություններ իրականացնող աշխատանքային խմբեր: Մրցույթի մեկնարկը, հիշեցնենք, տրվել էր ՀՊՏՀ-ում:
Կենտրոնի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին:
Լուսանկարում ասպիրանտ Թագուհի Միքայելյանն է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին