ՀՊՏՀ-ն հուշագիր ստորագրեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ

Դիտումների քանակ՝ 2320

ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն այսօր նշանավորվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրմամբ: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը և հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ով նաև ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է:

Հուշագրի ստորագրման հարցը նիստի օրակարգում առաջինն էր: Ողջույնի խոսքից հետո մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը: Այնուհետև, օրակարգի հաստատումից հետո, մասնագիտական համագործակցության կարևորության մասին խոսեցին և' ՀՊՏՀ ռեկտորը, և' հանձնաժողովի նախագահը:

«Շուրջ 2 ամիս է՝ որոշակի քննարկումների մեջ ենք Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար պարոն Հայրապետյանի հետ, նշանակման առաջին օրվանից սկսած, առ այն, որ անհրաժեշտ է, որ կարողանանք մեր հանրապետության տնտեսագիտական ներուժը ներգրավել Ազգային ժողովի աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու համար, այդ թվում՝ մեր հանձնաժողովի»,-ասաց Միքայել Մելքումյանը՝ շեշտադրելով, որ Տնտեսագիտական համալսարանը պրոֆիլային բուհ է, որտեղ կենտրոնացված են կադրեր, որոնք իսկապես կարող են իրենց նպաստը բերել հանձնաժողովի փորձագիտական աշխատանքներին:

ՀՊՏՀ ղեկավարն էլ ընդգծեց՝ շատ կարևոր է, որ մենք նաև տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման խնդիրների շուրջ ունենանք մեր ասելիքը և կարողանանք նպաստել այս գործընթացների իրականացմանը, և հուշագրի գաղափարը հենց դա է՝ այս ուղղությամբ ապահովել սերտ կապը ԱԺ-ի և Տնտեսագիտական համալսարանի միջև:

«Սա կարևոր իրադարձություն է ինձ համար, համալսարանի համար, որովհետև համալսարանը հայտարարել է այն քաղաքականությունը, որ մենք պետք է դառնանք մեր երկրում, մեր պետությունում տնտեսագիտական մտքի կենտրոնացման մի հարթակ, որը կապող օղակ պետք է դառնա տարբեր կառույցների, կազմակերպությունների, շահառուների միջև: Մասնավորապես, մեր երկրում իսկապես նկատվել է այն բացը, որ բիզնես սեկտորը, պետական կառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, որոնք որ ունեն ընդհանուր հետաքրքրություններ և հետազոտական ընդհանուր ուղղություններ, դրանց մեկտեղելու և մեկ ընդհանուր դաշտ բերելու գործում թերացել ենք, պատշաճ ձևով այդ հարցը չենք լուծել: Եվ տնտեսագիտական համալսարանը, լինելով մեր երկրի միակ պետական տնտեսագիտական համալսարանը, ըստ էության, կարող է ստանձնել այդ առաքելությունը: Ես կարծում եմ, որ այս փուլից սկսած համալսարանը պետք է շատ ավելի ակտիվ մասնակցություն ունենա մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության և ընդհանրապես, տնտեսական ուղղվածության բոլոր գործընթացներին: Այս առումով համագործակցությունը ԱԺ համապատասխան հանձնաժողովի, հանձնաժողովների հետ (որովհետև ես նախատեսում եմ, որ նմանատիպ հուշագրեր պետք է ստորագրել նաև տնտեսական, ֆինանսաբյուջետային և այլ հանձնաժողովների հետ), շատ մեծ կարևորություն ունի նաև մեզ համար, և երբ որ ես ասում եմ մեզ համար, դա նշանակում է պետության համար, որովհետև մենք պետական տնտեսագիտական համալսարան ենք, պետությունն է մեզ ստեղծել, որպեսզի կարողանանք մեր առաքելությունը իրականացնել, պատրաստել որակյալ կադրեր՝ տնտեսագետներ, կատարենք հետազոտություններ և այդքանով իսկ նպաստենք Հայաստանում տնտեսության զարգացմանը: Սա իրականում մեր հստակ առաքելությունն է, որը մեզ մոտ ամրագրված է ռազմավարական ծրագրով և ռազմավարական ծրագրին համահունչ՝ մենք պետք է այս քայլերն իրականացնենք, որպեսզի կարողանանք շունչ հաղորդել այն գործողություններին, որոնք որ մեր առջև դրված են և ծրագրված են»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Հուշագիրը ստորագրվեց, կողմերը պատրաստակամություն հայտնեցին հետևողականություն ցուցաբերել սահմանված կետերի կատարման հարցում:

Մենք զրուցեցինք նաև հանձնաժողովի փորձագիտական խորհրդի փորձագետ Նարինե Էլիզբարյանի հետ, ով վստահություն հայտնեց, որ հուշագրով հիմք կդրվի ՀՊՏՀ ուսանողության և պետական կառույցների դինամիկ գործակցության, և սա հիանալի նախաձեռնություն է ՀՊՏՀ ուսանողության և շրջանավարտների հետ տարվող աշխատանքի աշխուժացման համատեքստում:

Հանձնաժողովի համակարգող փորձագետ Արթուր Առաքելյանն էլ հավելեց, որ ուսանողները հնարավորություն կունենան մասնակիցը դառնալու հանձնաժողովում քննարկվող օրենսդրական նախագծերի, միջազգային համաձայնագրերի, մոդելային օրենքների քննարկմանը՝ բացառիկ հնարավորություն ստանալով բարձրացնելու իրենց մասնագիտական կարողությունները, իսկ լավագույնները կդառնան աշխատանքային թիմի անդամ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին