«Էրազմուս+». տպավորություններ Հասելթի համալսարանից
ՀՊՏՀ «Սոցիալական հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ելենա Մանուկյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում մայիսի 21-25-ը գտնվել է Հասելթի համալսարանում (Բելգիա):
Համալսարանի Գործարար տնտեսագիտության (Business Economics) ֆակուլտետում պրոֆեսոր Կոեն Վանհուֆի (մայիսին այցելել էր ՀՊՏՀ) «Էկոնոմետրիկա» դասընթացի շրջանակում Ելենա Մանուկյանը մագիստրանտների համար դասախոսել է «Ժամանակային շարքերի հետազոտություն» թեմայով: Այսօր, անդրադառնալով Հասելթի համալսարանում հնգօրյա այցին, նա ընդգծեց, որ, իր տպավորությամբ՝ այդ համալսարանի ուսանողներին առաջնորդողը դասախոսից առավելագույն գիտելիք, փորձ, տեսակետ քաղելն է, իսկ օտարերկրացի դասախոսի պարագայում` նաև մասնագիտական նոր մտածելակերպի ծանոթանալը:
Ելենա Մանուկյանը մասնակցել է նաև հետազոտական սեմինարի, որի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել Հասելթի համալսարանի երկու դոկտորանտներ և ներկայացրել են հանցագործությունների վրա ազդող գործոնների բացահայտումն ու մոդելավորումը: Մեր գործընկերոջ՝ «Հայաստանում առևտրային հաշվեկշռի և իրական փոխարժեքի փոխազդեցության մոդելավորումը» թեմայով զեկուցումը ներկաներն ունկնդրել են մեծ հետաքրքրությամբ, իսկ դոկտորանտ-հետազոտողները հանդես են եկել համագործակցության առաջարկով և հետաքրքրվել են, թե որքանով է հնարավոր ժամանակային շարքերի հետազոտության մեթոդը կիրառել իրենց թեման հետազոտելիս:
Ելենա Մանուկյանը նաև մասնակցել է ուսանողական գիտաժողովի, որը միաժամանակ ընթացել է 6 բաժանմունքներում և դրական տպավորություն ստացել, որը, նրա կարծիքով, դիտարկելի է և ուսանելի շատ կողմեր ունի:
Մեզ հետ զրույցում այս մասին նա մասնավորապես ասաց. «Մասնակցել եմ «Օպտիմալացման տեսության կիրառումը բեռնափոխադրումների ոլորտում» և «Մատակարարման շղթա» բաժանմունքների աշխատանքներին և հատկապես կցանկանայի ընդգծել ուսանողական գիտական նստաշրջանում բովանդակային կողմի շեշտադրումը. նախ՝ ընթանում էր թեմատիկ բաժանմունքներում (ինչպես մեզ մոտ դասախոսական գիտաժողովները), զեկուցողները պարտադիր իրենց թեմաները հետազոտում և զեկուցումները պատրաստում էին դասախոս-ղեկավարների անմիջական աջակցությամբ, չկային հաղթողներ, բացի ուսանողներից, դասախոսներից, մասնակցում էին գործարար ոլորտների (օրինակ, Nike ընկերությունից) ներկայացուցիչներ և տեղում ծավալվում էր քննարկում, խորհրդատվություն, այսինքն՝ մասնակցի համար հաղթելը չէր խթանը, այլ սեփական հետազոտական աշխատանքը մասնագետներին ներկայացնելը և նրանցից աջակցություն ստանալը»:
Այս կարճատև, սակայն հագեցած ուղևորության ընթացքում Ելենա Մանուկյանը ունկնդրել է նաև Իսպանիայի Նավարայի համալսարանի (Public University of Navarra) պրոֆեսոր Խավիեր Ֆոլինի դասախոսությունը «Բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտի խնդիրների լուծումը սիմէվրիստիկայի և մետաէվրիստիկայի մոտեցումներով» (հետազոտական մեթոդներ են, որոնք առնչվում են բանախոսի մասնագիտական և հետազոտական հետաքրքրությունների շրջանակին) թեմայով և, իհարկե, հասցրել նաև շրջել համալսարանում, Հասելթ քաղաքում և կուտակել վառ տպավորություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին