ՀՊՏՀ աշխատակիցները մասնակցել են միջազգային գիտաժողովի

Դիտումների քանակ՝ 1942

Ս.թ. հունիսի 14-16 Հայաստանի ամերիկյան համալսարանում և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել Հայկական տնտեսագիտական միության (Armenian Economic Association) 8-րդ տարեկան միջազգային գիտաժողովը, որին մեր համալսարանից մասնակցել են «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տ.գ.թ. Գայանե Թովմասյանը, հետազոտող Աստղիկ Հովհաննիսյանը, ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Եվգենյա Բազինյանը:

Ինչպես հայտնում են մեր գործընկերները, գիտաժողովին մասնակցել են գիտնականներ Վրաստանից, Գերմանիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Խազախստանից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Իսպանիայից, Սերբիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Միացյալ Թագավորությունից: Եղել է շուրջ 50 ելույթ գյուղատնտեսության, ֆինանսների, միջազգային առևտրի, տնտեսական զարգացման, կրթության, միկրո և մակրոտնտեսագիտության, միգրացիայի, հարկային համակարգի և այլ ոլորտների վերաբերյալ:

ՀՊՏՀ աշխատակիցների խոսքով՝ գիտաժողովի առաջին օրը Հայաստանի տնտեսության առկա վիճակի մասին քննարկման շրջանակներում տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն, ապա նաև՝ ամերիկացի տնտեսագետ, Նյու Յորքի քաղաքային համալսարանի պրոֆեսոր Ռենդել Ֆիլերը՝ «Հայաստան. նայելով ապագային» զեկույցով, որում պրոֆեսորը նշել է, որ կարևորը մրցակցությունն է, նույնիսկ «գաղափարների շուկայում»: Սա ենթադրում է վերլուծությունների ու հետազոտությունների իրականացման համար անկախ կառույցների առկայություն, ինչպիսիք են ուղեղային կենտրոնները (think tank), որոնք պետք է միշտ կարողանան կառավարությանը ներկայացնել իրենց տեսակետները, անգամ՝ քննադատական: Գիտաժողովին «Զբոսաշրջության դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում» թեմայով զեկուցմամբ հանդես է եկել Գայանե Թովմասյանը, ով ներկայացրել է զբոսաշրջության տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական, քաղաքական նշանակությունը, զբոսաշրջության առկա վիճակը, գնահատել զբոսաշրջային բազմարկչի էֆեկտը, Պիրսոնի կոռելյացիայի գործակիցը զբոսաշրջիկների թվի և ՀՆԱ-ի միջև, մատնանշել զբոսաշրջության մրցունակության բարձրացման և ոլորտի զարգացման հիմնախնդիրները և անհրաժեշտ քայլերը:

Առաջին օրվա զեկուցումներն ամբողջությամբ հասանելի են այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին