ԵՄ «էրազմուս+». արդյունավետ փոխգործակցության ևս մեկ փաստ

Դիտումների քանակ՝ 1376

«էրազմուս+» ծրագրի շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտական և Հունգարիայի Միշկոլցի համալսարանների համագործակցությունն ամրապնդվեց ևս մեկ այցելությամբ, որն արձանագրվեց ապրիլի 23-27–ը: Այս անգամ մեր պատվիրակների կազմում 3 դասախոս էր և 1 աշխատակից՝ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Եվգենյա Բազինյանը, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Արփինե Սարգսյանը, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոս, տ.գ.թ. Վարդան Ջանգոզյանը և կառավարման ամբիոնի լաբորանտ, ասպիրանտ Լուսինե Սարոյանը:
Եվգենյա Բազինյանը և Լուսինե Սարոյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հյուրերն էին և պատմեցին, որ հրաշալի տպավորություններով են վերադարձել ու բարձր են գնահատում իրենց այցի արդյունավետությունը թե՛ փորձի փոխանակման, թե՛ սեփական հմտությունների ու կարողությունների վերարժևորման տեսանկյունից:
Միշկոլցի համալսարանի բիզնես վիճակագրության և տնտեսական կազմակերպման ստորաբաժանման փոխդեկան Ռոլանդ Սզիլագի հրավերով և խնդրանքով Եվգենյա Բազինյանը ասպիրանտների համար դասախոսել է «Ժամանակային շարքերի վերլուծություն և կանխատեսում» թեմայով, որը նրանց առարկայական ծրագրում դեռ նոր պետք է ընդգրկվի: Դասախոս և ասպիրանտ ունկնդիրների մեծ հետաքրքրությունը դրսևորվել է արդյունավետ հարցուպատասխանում, քննարկումներում, գործնական վերլուծություններում:
Գործընկեր համալսարանի ներկայացուցիչների համար Եվգենյա Բազինյանը հանդես է եկել նաև Հայաստանի մասին պատմամշակութային ակնարկով, խոսել կրթական համակարգի մասին, մանրամասնորեն անդրադարձել մեր համալսարանին:
Լուսինե Սարոյանը, որպես վարչական աշխատակազմի ներկայացուցիչ և ասպիրանտ, այցի ընթացքում մենեջմենթի ստորաբաժանումում հնարավորություն է ստացել քննարկումների մասնակցել, համեմատականներ անցկացնել, մասնավորապես՝ դիտարկել կրթական ծրագրերի համադրելիությունը: «Հակաճգնաժամային կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությունները (սննդի արտադրության կազմակերպությունների նյութերով)» թեմայով իր գիտական ատենախոսության համար ստացել է արժեքավոր խորհրդատվություն, ծանոթացել նոր տնտեսագիտական աղբյուրների:
Արփինե Սարգսյանից և Վարդան Ջանգոզյանից տեղեկացանք, որ Արփինե Սարգսյանը «էրազմուս+» ծրագրի ուսանողների համար դասախոսել է «Կորպորատիվ ֆինանսներ» և ոչ ֆորմալ քննարկում կազմակերպել «Միջազգային մրցունակություն» թեմաներով: Վարդան Ջանգոզյանը նույնպես օտարերկրացի ուսանողների համար է դասախոսել: Թեման էր «Թվային մարքեթինգը զբոսաշրջության ոլորտում», իսկ զբոսաշրջության և մարքեթինգի ստորաբաժանման դասախոսների հետ նա քննարկել է և՛ մասնագիտական, և՛ հետագա համագործակցության մանրամասներ:
«էրազմուս+» ծրագիրը համակարգում է արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին