ՀՊՏՀ-ում են Միշկոլցի համալսարանի դասախոսները
Միշկոլցի համալսարանի (Հունգարիա) դասախոսներ Կատալին Լիպտակը և Նոյեմի Հայդուն «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել են ՀՊՏՀ-ում: Երեկ նրանք ծանոթացել են մեր համալսարանի ենթակառուցվածքներին (գրադարան, ճաշարան, ֆակուլտետներ), իսկ այսօր ՀՊՏՀ ուսանողների համար հանդես են եկել դասախոսություններով:
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից, ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում Նոյեմի Հայդուն դասախոսել է «Առցանց մարքեթինգ» թեման՝ ներկայացնելով մարքեթինգի ժամանակակից մեթոդների՝ հատկապես օնլայն մարքեթինգի կարևորությունը և կիրառումը, սպառողական վարքագծի տեսությունները, շուկաների սեգմենտավորման ուղիները: Անդրադարձ է կատարվել նաև կազմակերպությունների սոցիալական պատասխանատվությանը՝ շեշտելով դրա կարևորությունը բիզնեսի զարգացման ոլորտում: Դասախոսությունն անցել է ինտերակտիվ ձևաչափով:
Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում Կատալին Լիպտակը հանես է եկել «Շարժունություն և միգրացիա» թեմայով դասախոսությամբ՝ ուսանողներին ներկայացնելով շարժունություն և միգրացիա հասկացությունների տարբերությունը, դրանց դասակարգումները և տեսակները: Մանրամասնորեն ներկայացվել է միջազգային միգրացիայի էությունը, դրա հիմնական դրդապատճառները և ազդեցությունը աշխատանքի շուկայի կառուցվածքի վրա: Ներկայացնելով ակադեմիական շարժունության էությունը՝ Կատալին Լիպտակը ներկայացրել է Միշկոլցի համալսարանում կատարված հետազոտության արդյունքերը՝ նշելով, թե ինչ տարբերություններ կան եվրոպական և հետխորհրդային երկրներում ուսանողների և աշխատակիցների ուսումնական շարժունության ծավալների և դրանց վրա ազդող գործոնների միջև: Դասախոսը նաև ներկայացրել է իր համալսարանը՝ կոչ անելով ուսանողներին մասնակցել ուսանողների փոխանակման ծրագրերին:
Դասախոսները հասցրել են այցելել Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր և հիացած են Հայաստանի գեղեցկությամբ և հյուրընկալությամբ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին