Ոգևորություն և առաջարկներ. հանդիպում «Էրազմուս+» ծրագրի մասնակից ՀՊՏՀ դասախոսների և աշխատակիցների հետ

Դիտումների քանակ՝ 1477

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի և արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ այսօր կայացավ հանդիպում «Էրազմուս+» ծրագրի մասնակից ՀՊՏՀ դասախոսների և աշխատակիցների հետ: Հանդիպմանը հրավիրված էին նաև այն գործընկերները, որոնց այցերը պլանավորված են մինչև 2018 թ. դեկտեմբեր ամիսը:
Հանդիպումը բացեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ողջունեց ՀՊՏՀ դասախոսներին և աշխատակիցներին՝ ուրախություն հայտնելով շարժունության ծրագրին նրանց մասնակցության առիթով: Հանդիպման նպատակն էր բացահայտել «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ աշխատակիցների գործուղումների արդյունավետության ուղիները, ծանոթանալ առկա խնդիրներին, քննարկել համալսարանի գործընկեր բուհերի լավագույն փորձի տեղայնացման հնարավորությունները, լսել առաջարկներ:
Մինչ այդ սակայն արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը ներկայացրեց «Էրազմուս+» ծրագրին ՀՊՏՀ մասնակցությունը: Նրա խոսքով՝ ՀՊՏՀ-ն ծրագրին դիմել է 2014 թվականից սկսած, իսկ 2015 թվականից արդեն սկսվել են դասախոսական և վարչական աշխատակիցների ու ուսանողների գործուղումները: Վարդ Ղուկասյանի ներկայացմամբ՝ 3 տարում «Էրազմուս+» ծրագրին մեր բուհն ունեցել է դասախոսական և վարչական աշխատակիցների շուրջ 80 մասնակցություն, 50 աշխատակից, որոնց մի մասը շարժունության սույն ծրագրին մասնակցել է մի քանի անգամ: Ընթացիկ տարում, նրա խոսքով, ծրագրին դիմել են 11 նոր մասնակիցներ: Ի դեպ, յուրաքանչյուր աշխատակից ուսումնական տարվա ընթացքում ծրագրին մասնակցում է մեկ անգամ:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը մասնակիցներին ներկայացրեց մի շարք հարցադրումներ՝ տեղեկանալու առկա մոտեցումներին: Առաջին հարցադրումը վերաբերում էր նրան, թե ինչպես են մասնակիցները գնահատում ծրագրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը: Մասնակիցները բարձր գնահատեցին ծրագրի վերաբերյալ առկա տեղեկատվությունը, լուսաբանումները ոչ միայն «Էրազմուս+» ծրագրի վերաբերյալ, այլ առհասարակ համալսարանում կատարվող իրադարձությունների արծարծման իմաստով: Մասնավորապես ՄՏՀ ամբիոնի վարիչ, դոկտոր Դիանա Գալոյանը նշեց, որ համալսարանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում հասանելի է բուհի գործունեության մասին ամբողջական տեղեկատվություն և ՀՊՏՀ աշխատակիցներին և ուսանողներին առաջարկեց հաճախ այցելել ու լինել տեղեկացված: ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի փոխդեկան Արսեն Պետրոսյանը ևս շեշտեց, որ ծրագրի հետ կապված տեղեկատվական հասանելության խնդիր չկա, ամեն ինչ հրապարակվում է հստակ ժամկետներում և հասանելի է:
Հետագա հարցադրումները վերաբերում էին ՀՊՏՀ աշխատակիցների և դասախոսների օտար լեզվի ստուգմանը, այցերի ընթացքում կազմակերպվող հանդիպումների արդյունավետությանը, վերադարձից հետո անելիքներին՝ մասնավորապես հաշվետվողականության մեխանիզմների ներդրմանը: Առաջարկվեց և քննարկվեց ստեղծել «Էրազմուս+» ծրագրի մասնակիցների մի ակումբ կամ ձևաչափ՝ հետագայում քննարկելու առաջարկները և ծրագրի իրականացման հետ կապված հարցերը: ՀՊՏՀ ռեկտորն առաջարկեց մանրամասն քննարկել և ներկայացնել առաջարկություն:
«Պետությունը սկսվում է կրթությունից և մենք պետք է կարողանանք այստեղ հաջողություններ ունենալ՝ հատկապես ներկա պայմաններում, երբ կրթության նկատմամբ պահանջները բարձր են, սուր է մրցակցությունը: Շնորհավորում եմ ծրագրի մասնակիցներին և ուրախ կլինեմ, որ հետագայում մեր համալսարանից սույն ծրագրին մասնակցեն ավելի մեծ թվով աշխատակիցներ»,- հայտարարեց Կորյուն Աթոյանը: Համալսարանի ռեկտորը ծրագրի իրականացման համար շնորհակալություն հայտնեց արտաքին կապերի բաժնին՝ ղեկավար Վարդ Ղուկասյանի, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին՝ ղեկավար Գոհար Գևորգյանի գլխավորությամբ՝ ամբողջ գործընթացը օպերատիվորեն լուսաբանելու և հանրայնացնելու համար, ինչպես նաև ծրագրին դիմած աշխատակիցներին և դասախոսներին՝ ընդգծելով, որ բոլորիս միահամուռ աշխատանքը բարձրացնում է բուհի հեղինակությունը:
Արտաքին կապերի բաժնի պետը շնորհակալություն հայտնեց ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ նշելով, որ առանց նրա աջակցության ծրագրին ՀՊՏՀ մասնակցությունը չէր ունենա հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին