ԵՄ «էրազմուս+»՝ կրթության և միջմշակութային հաղորդակցության ճանապարհ

Դիտումների քանակ՝ 1479

«Էրազմուս +» ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական տնտեսագիտական և Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի (Հունաստան) համալսարանների միջև համագործակցության մասնակիցներ դարձան մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լիլիթ Դադայանը և ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Վանինե Երանոսյանը: Դասախոսների շարժունության ծրագրով, նշված համալսարանում, նրանք ապրիլի 22-28–ը դասախոսել են «էրազմուս +» ծրագրի ուսանողների համար:
Լիլիթ Դադայանը «Միջմշակությանին մարքեթինգ» դասընթացի շրջանակում դասախոսել է երկու թեմայով՝ «Վերբալ և ոչ վերբալ հաղորդակցությունների առանձնահատկությունները տարբեր մշակույթների համատեքստում» և «Միջմշակութային գովազդ և copywrighting»:
Լիլիթ Դադայանից տեղեկացանք, որ դասախոսությունները մեծ հետաքրքրությամբ են ընդունվել տարբեր երկրներ ներկայացնող, տարաբնույթ մշակութային և կրթական ավանդույթներ կրող երիտասարդների կողմից:
Գործընկեր համալսարանի ուսանողներին Լիլիթ Դադայանը պատմել է Հայաստանի մասին, անդրադարձել պատմամշակութային անցյալին ու ներկային, խոսել կրթական համակարգի, մասնավորապես՝ մեր համալսարանի մասին՝ ներկայացնելով ուսումնագիտական և հետազոտական ուղղությունները:
«Ապրիլի 22-23-ին մասնակից դարձա Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկոյի, որից հետո՝ Աթենքի Սահմանադրության հրապարակում գտնվող Հունաստանի խորհրդարանի մոտից «Ճանաչի՛ր հայոց ցեղասպանությունը» կարգախոսով բողոքի քայլերթի դեպի Թուրքիայի դեսպանատուն, որն ավարտվեց անմեղ նահատակների հիշատակի խնկարկումով ու ծաղիկներ խոնարհելով»,- մեզ հետ զրույցում պատմեց Լիլիթ Դադայանը:
Ինչպես տեղեկացանք Վանինե Երանոսյանից, «Բիզնես տնտեսագիտություն» դասընթացի շրջանակում նրա բանախոսության թեման վերաբերել է նախագծերի ժամանակացույցին և ծախսերի պլանավորմանը: Դասախոսություններն ուղեկցվել են հարցուպատասխանով և քննարկումներով:
Վանինե Երանոսյանը արդյունավետ ու կառուցողական գնահատեց Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի գրադարանի, «Էրազմուս +» ծրագրի աշխատակիցների և բիզնեսի կառավարման ամբիոնի վարիչի հետ հանդիպումները, մտքերի փոխանակությունն ու համագործակցության ամրապնդման երկուստեք առաջարկները և՛ ուսումնական, և՛ հետազոտական ուղղություններով:
Հավելենք նաև՝ ՀՊՏՀ այցելու դասախոսների ունկնդիրների թվում է եղել «Էրազմուս+»-ի՝ ուսանողների փոխանակման ծրագրով Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում սովորող մեր բուհի 6 բակալավր, որոնք ՀՊՏՀ դասախոսներին «հյուրընկալել են», ուղեկցել ու նաև դրական տպավորություն արտահայտել իրենց ընձեռված կրթական ու միջմշակութային հաղորդակցության օգտակար ու արդյունավետ փորձառության առիթով:
ՀՊՏՀ-ում «էրազմուս +» ծրագիրը համակարգում է արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին