ՀՊՏՀ ամփոփիչ ատեստավորման գործընթաց. գնահատում են հանձնաժողովի նախագահները

Դիտումների քանակ՝ 3026

Տնտեսագիտական համալսարանում ամփոփիչ ատեստավորման գործընթացը եռուն փուլում է: Այսօր զուգահեռաբար պաշտպանություններ էին ընթանում մարքեթինգ, միջազգային տնտեսական հարաբերություններ, մաքսային գործ, աուդիտ մասնագիտությունների առկա բակալավրիատի 4-րդ կուրսերում:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շրջայց է կատարել  ֆակուլտետներով, հետևել պաշտպանությունների ընթացքին, ուսանողների մասնագիտական կարողությունների, վերլուծական-հետազոտական հմտությունների շուրջ զրուցել ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների հետ:

Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության գծով այսօր ավարտական աշխատանք պաշտպանեց 13 ուսանող:

Մարքեթինգ մասնագիտության գծով այսօր ավարտական աշխատանք է պաշտպանել    8 ուսանող: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահի օգնական Գևորգ Նազարյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նկատեց, որ այսօր աշխատանքներ էին պաշտպանում առաջավոր ուսանողները, հետևաբար գրեթե բոլոր ելույթներն էին արժանի բարձր գնահատականի:

«Այսօր լավ ելույթներ լսեցինք, ակնհայտ էր, որ ուսանողներն ինքնուրույն համապարփակ վերլուծություններ էին կատարել, ուշագրավ էին նաև եզրահանգումները: Թեմաները բազմազան էին, ղեկավարների աշխատանքը ևս բարձր եմ գնահատում, տպավորություններս դրական են, շնորհավորում եմ բոլոր պաշտպանածներին»,-ասաց Գևորգ Նազարյանը:

Աուդիտ մասնագիտությամբ պաշտպանել է 12 ուսանող:

Այս մասնագիտությամբ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՄԱՊ ՓԲԸ ֆինանսական տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ արդեն 3 տարի է՝ ՀՊՏՀ-ում ամփոփիչ ատեստավորման նախագահ է և ամեն տարի ծանոթանում է արժեքավոր ավարտական աշխատանքների, որոնք արդիական թեմաների շուրջ խորքային վերլուծություններ են:

«Կոնկրետ այսօր ես լսեցի 5 փայլուն ուսանողի, որոնք մեզ համար պոտենցիալ աշխատակիցներ են: Շատ կարևոր է, որ Հայաստանում տնտեսագետներ թողարկող ամենամեծ բուհը պատրաստում է խոստումնալից կադրեր»,- ասաց Անդրանիկ Խաչատրյանը:

Հավելենք, որ մաքսային գործ մասնագիտությամբ այսօր պաշտպանել է 12 ուսանող:

Այս պահին համալսարանի կարևորագույն՝ ամփոփիչ ատեստավորման գործընթացը մեր տեսադաշտում է, առաջիկա լուսաբանումներին ծանոթանալու համար հետևեք մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին