ՀՊՏՀ ֆուտզալիստները նվաճեցին միջբուհական առաջնության գավաթը

Դիտումների քանակ՝ 3231

ՀՊՏՀ ֆուտզալի թիմը մեր մարզասերներին հերթական ուրախությունը պարգևեց. այսօր ԵՊՀ մարզադահլիճում կայացավ ՀՀ ԿԳՄՍՆ կազմակերպած հանրապետական միջբուհական ուսանողական մարզական խաղերի ֆուտզալի առաջնության եզրափակիչ խաղը, որի արդյունքում ՀՊՏՀ ֆուտզալիստներն արժանացան չեմպիոնական գավաթին:

Ներկա էին պատվավոր հյուրեր, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ի դեպ, մեր համալսարանի ղեկավարությունն էլ է մարզասեր և միշտ հետևում ու անմիջական մասնակցությամբ խրախուսում է ՀՊՏՀ մարզիկներին: Այս օրն էլ բացառություն չէր. ԵՊՀ մարզադահլիճում էին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը: Դե իսկ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրելյանն ու ներկայացուցիչները միշտ են մեր մարզիկների կողքին:

Նշենք, որ այսօր կայացել է նաև խաղերի տարբեր առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի պարգևատրման արարողությունը: Այսօր նաև արծաթե մեդալներով են պարգևատրվել ՀՊՏՀ բասկետբոլի աղջիկների թիմի անդամները, որոնք ավելի վաղ կայացած առաջնությունում զբաղեցրել էին 2-րդ տեղը:

ԿԳՄՍՆ կազմակերպած խաղերում ՀՊՏՀ ցուցաբերած ակտիվության և արձանագրած արդյունքների համար Դիանա Գալոյանը նախարարից շնորհակալագիր ստացավ: Ամբողջ խաղերի արդյունքները կամփոփենք առաջիկայում:

Շնորհավորում ենք ՀՊՏՀ ֆուտզալիստներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին