Global Money Week-ը՝ ՀՊՏՀ-ում

23.03.2022
Դիտումների քանակ՝ 1232

Փողի միջազգային շաբաթվա (Global Money Week) 10-ամյա հոբելյանի շրջանակներում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ կենտրոնական բանկը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը մարտի 22-ին ՀՊՏՀ-ում անցկացրին պանելային քննարկում։ Նպատակը՝ երիտասարդների շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը նպաստելն էր։ Այս խնդիրն է կարևորվում նաև Global Money Week-ի այս տարվա կարգախոսում՝ «Կառուցե՛ք ձեր ապագան, խելացի՛ եղեք փողի հարցում»։

Իսկ փողի հարցում խելացի վարվելու խորհուրդների պակաս ՀՊՏՀ ուսանողներն այսօր չունեցան։ Առողջ քննարկում մաղթելով բոլոր մասնակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ժպիտով նկատեց, որ թեմայի շուրջ աննախադեպ հետաքրքրության պատճառը, թերևս, քննարկման խորագրում «փող» բառի առկայությունն է։ Ռեկտորի խոսքով՝ գլոբալ զարգացումների ֆոնին ֆինանսական կրթությունն առանցքային կարևորություն ունի։

«Նման վարպետության դասերը, երբ ոլորտի լավագույն մասնագետները ներկայացնում և, ինչու ոչ, սովորեցնում են, թե ինչպես լինել ֆինանսապես ավելի գրագետ, ունենալ համապատասխան հմտություններ ու կարողություններ, չսխալվել այդ գործընթացներում, շատ կարևոր և օգտակար են, քանի որ, գիտելիքից զատ, ուսանողներին նաև կիրառական խորհուրդներ են փոխանցում՝ փողը զգույշ, գրագետ ու բանիմաց կառավարելու»,- նկատեց Դիանա Գալոյանը։

Այնուհետև ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Աշոտ Մարդոյանը ներկայացրեց ՀՀ-ում գնաճի հիմնական պատճառներն ու այդ գործընթացում ԱՄՆ դոլարի փոխարժեքի դերը։ Մարդոյանը վստահ է՝ ուսանողների ֆինանսական գրագիտությունը նմանօրինակ քննարկումների արդյունքում էապես կբարձրանա։ «Ակնհայտ է, որ մեր ուսանողները բավականաչափ խորությամբ են տիրապետում ֆինանսական կառավարման առանձնահատկություններին, նաև օժտված են կիրառական հմտություններով ու կարողություններով»,- վստահ է տնտեսագետը։

ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վանինե Երանոսյանը բանախոսեց «Ֆինտեխն ու դրա կարգավորումը. աշխարհն ու մենք» թեմայով։ Երիտասարդ գիտնականը համոզված է, որ ուսանողների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացումը առանցքային դերակատարություն ունի, որովհետև հենց նրանք են ապագա բիզնես գաղափարներ կրողները, ապագա ներդրողներն ու ֆինանսներ կառավարողները։

ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Էդգար Աղաբեկյանի ելույթն առնչվում էր հայաստանյան ֆինանսական շուկայի վրա ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությանը, դրանից բխող ռիսկերին ու սպասումներին։ Թեմայի արդիականությունն ու կապը հայաստանյան իրականության հետ բազմաթիվ հարցեր առաջացրեց ուսանողների շրջանում։ Ֆինանսիստը վստահ է՝ այսօրինակ միջոցառումները փորձի փոխանակման լավագույն ուղի են, երբ ուսանողը ակադեմիական գիտելիքին զուգահեռ նաև իրավիճակային վերլուծություններ լսելու և դրանցից եզրահանգումներ անելու հնարավորություն է ստանում։

Ապագա տնտեսագետներին առանձնակի աշխուժություն փոխանցեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթության փորձագետ Արաքս Մանուչարյանի ելույթը: Այն համեմված էր երիտասարդ ֆինանսիստի անձնական կյանքի տարբեր դրվագներով ու քաղած դասերով։ ՀՊՏՀ ուսանողներից, բանախոսներից և կազմակերպչական թիմից ստացած տպավորությունը, մեզ հետ զրույցում, ԿԲ ներկայացուցիչը առավել քան դրական գնահատեց. «Ինքս բազմաթիվ նորություններ գտա այսօր հնչած բանախոսություններում, ուսանողների հարցերն էլ հետաքրքիր էին ու ծավալվելու տեղիք տվող, ինչից կարելի է եզրակացնել, որ նրանց կրթական բազան խորն է, հետաքրքրությունների շրջանակը՝ լայն. «Հուսով եմ՝ իմ բանախոսությունն իրոք արդիական էր և հնարավորություն կտա ավելի իրազեկ քաղաքացիներ ունենալու։ Ֆինանսական գրագիտությունը 21-րդ դարի հմտություն է, և քիչ չեն խնդիրները թե´ մեր երկրում, թե´ աշխարհում, և մեր ժողովուրդը պետք է իրազեկ լինի»։

Ուսանողներին հետաքրքրող հարցերն, իսկապես, շատ էին ու բազմազան։ Բոլոր հարցերին բանախոսները սպառիչ պատասխաններ տվեցին։ Եղան նաև համարձակ հարցեր․օրինակ՝ ԿԲ ներկայացուցչից ապագա տնտեսագետները փորձեցին պարզել, թե անձնական եկամտի քանի՞ տոկոսն է ուղղում կարիքներին, խնայողություններին կամ ցանկությունների կատարմանը, ինչպե՞ս է նախընտրում պահել ֆինանսները՝ ավանդի՞, թե՞ բաժնետոմսերի տեսքով և այլն։ Ստեղծարար հարցերը, բնականաբար, նույնքան ստեղծարար պատասխաններ ստացան։

Փողի թեմայի շուրջ քննարկումն անցավ լեփ-լեցուն դահլիճում, բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր։