Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը՝ հագեցած օրակարգով

24.03.2022
Դիտումների քանակ՝ 1324

Մարտի 23-ին ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստը մեկնարկեց օրակարգային առաջին հարցի՝ բուհի կառավարման ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի իրականացմամբ։ Հարցը զեկուցեցին համալսարանի ռեկտորն ու գիտխորհրդին կից մրցութային հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր, ամբիոնի պատվավոր վարիչ Արամ Սարգսյանը։ ՀՊՏՀ ռեկտորը նշեց, որ տարեսկզբից սկսած՝ ՀՊՏՀ այն ամբիոններում, որոնք ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարները, ամբիոնի վարիչի թափուր պաշտոնների մրցույթներ են հայտարարվում և իրականացվում։ Վերջին նման հայտարարությունը տրվել է կառավարման և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնների վարիչների պաշտոնների համար. առաջինին դիմել է նույն ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գագիկ Ասլանյանը, իսկ երկրորդին որևէ հավակնորդ չի դիմել, հետևաբար մրցույթ դեռևս չի անցկացվում։

Զեկուցումից և քննարկումից հետո կառավարման ամբիոնի վարիչի ընտրության, ինչպես նաև տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ավագ դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արգամ Արտաշյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու հարցերը դրվեցին փակ գաղտնի քվեարկության: Արդյունքում կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց Գագիկ Ասլանյանը, իսկ Արգամ Արտաշյանին շնորհվեց դոցենտի գիտական կոչում։

Գիտական խորհրդի նիստը հագեցած էր նաև մի շարք փաստաթղթերի քննարկմամբ և հաստատմամբ, որոնք զեկուցեցին բուհի ռեկտոր Դիանա Գալոյանը, պրոռեկտոր Արմեն Գրիգորյանն ու Թաթուլ Մկրտչյանը։ Մասնավորապես ներկայացվեցին ՀՊՏՀ պատվավոր կոչումների շնորհման կանոնակարգի փոփոխությունները, որոնց վերաբերյալ գիտական խորհրդի անդամները հանդես եկան առաջարկներով: Կանոնակարգը կլրացվի և հետո միայն կրկին կներկայացվի գիտխորհրդին։

Ներկայացվեցին և հաստատվեցին դասընթացի իրականացման գնահատման նպատակով ուսանողական հարցման անցկացման ընթացակարգում փոփոխությունները, ՀՊՏՀ-ում ուսանողների վերականգնման, ներքին տեղափոխության, առարկայական (ծրագրային) տարբերությունների հանձնման և ուսման վճարի հաշվարկման ընթացակարգում փոփոխությունները, ինչպես նաև համալսարանի աշխատակիցներին Scopus և Web of Science գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում հրապարակումների համար հոնորարների տրամադրման կարգը, ակադեմիական հարթակներում համալսարանի դասախոսների գրանցման վերաբերյալ ռեկտորի 2022 թվականի հունվարի 26-ի հանձնարարականի հաշվետվությունը, որտեղ ընդգծվեց, որ ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի զգալի մասը ներկայացված է գիտական տարբեր հարթակներում, և գործընթացը պատշաճ շարունակվում է։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն արձանագրեց, որ գործընթացում առաջընթաց կա և պետք է շարունակել ջանքերն այս ուղղությամբ, ինչը կնպաստի գիտական հարթակներում ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացվածության տեսանելիության բարձրացմանը։ Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը ներկայացրեց նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից ներքին և արտաքին շահառուներին 2022 թ. առաջարկված հետազոտական ուղղությունների և նրանց կողմից ամրագրված հետազոտական թեմաների ցանկը՝ նշելով, որ արդեն երրորդ տարին է՝ կենտրոնը հաջողությամբ համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Արդյունքում կատարվում են հետազոտություններ, որոնք ոչ միայն օգտակար են, այլև կիրառվում են պետական մարմինների քաղաքականություններում՝ այդպիսով մեծացնելով կենտրոնի տեսանելիությունը և ամրապնդելով բարի համբավը։

Ընթացիկ հարցերի շարքում հաստատվեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցը, ինչպես նաև գիտական խորհուրդը հրատարակության երաշխավորեց կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Աննա Մինասյանի «Գործարար հաղորդակցում և բիզնես բանակցությունների կառավարում» և կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Դիանա Մինասյանի «Հարկային վերահսկողություն» ուսումնական ձեռնարկները։