Լավ սովորելու տրամադրվածությամբ. ճեպազրույց առաջին կուրսեցիների հետ (ֆոտոշարք)
Արդեն գրեթե երկու շաբաթ ուսանողի կոչումը ստացած Տնտեսագիտական մայր բուհի առաջին կուրսեցիները ոգեշնչված են սովորելու ու մասնագիտանալու առաքելությամբ:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօր շրջել է ֆակուլտետներով, զրուցել առաջին կուրսեցիների հետ, լուսանկարել ուսանողներին: Ճեպազրույցներում նրանք նշեցին, որ արագորեն սկսում են ինտեգրվել համալսարանական հագեցած կյանքին:
Ֆինանսներ մասնագիտության 1-ին կուրսեցի Կարեն Մարգարյանը, ով Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքար գյուղից է, ինչպես ինքն է ասում, ընտրել է Հայաստանի ամենահեղինակավոր տնտեսագիտական համալսարանը և ջանք չի խնայելու, որ մրցունակ ֆինանսիստ դառնա:
«ՀՊՏՀ-ի մասին տեղեկություններ եմ որոնել բուհի պաշտոնական կայքում, իսկ այժմ, երբ արդեն ուսանողի կարգավիճակում եմ, համոզվում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Ամեն կերպ փորձելու եմ լավ սովորել, անցնել անվճար համակարգ: Տեղյակ եմ նաև, որ սահմանամերձ բնակավայրերից եկած ուսանողներին մի շարք առավելություններ են տրվում լավ սովորելու դեպքում, ուստի սովորելու մոտիվացիաս էլ ավելի մեծ է»,-ասաց Կարենը:
Գերազանց միավորներով տնտեսագիտություն մասնագիտության 1-ին կուրս ընդունված Իննա Սիմոնյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ ու խոստովանեց, որ մինչև համալսարանական դասերի մեկնարկը կարծում էր, որ հեշտ կլինի անվճար համակարգում սովորելը, իսկ այժմ, տեսնելով մրցակցությունն ու ուսանողների սովորելու մոտիվացիան, առավել քան գիտակցում է, որ պետք է քրտնաջան աշխատի:
Ընդհանուր առմամբ, ուսանողները գոհունակություն հայտնեցին դասախոսական անձնակազմից: Առաջին կուրսեցիները վառ տպավորություններով ու հաստատակամորեն իրենց առաջին քայլերն են անում տնտեսագետ դառնալու ճանապարհին:
Մաղթում ենք բարի երթ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին