Կամուրջ դեպի միջազգային կրթական շուկա. ներկայացվեցին արտերկրում ուսումնառելու հնարավորությունները

Դիտումների քանակ՝ 1520

Ուսումնական տարվա մեկնարկին ՀՊՏՀ ուսանողների հետաքրքրվածությունը առավել մեծ է կրթական նոր հորիզոններ բացահայտելու տեսանկյունից, և այսօր միջազգային ծրագրերի կենտրոնում նրանց ներկայացվեց եվրոպական բուհերում մեկ կիսամյակով ուսումնառելու հնարավորությունները: ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը հերթական անգամ նախաձեռնել էր տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում մանրամասնորեն խոսվեց «Էրազմուս+» ծրագրի մասին: Բաժնի պետ Վարդ Ղուկասյանը ողջույնի խոսքում ընդգծեց, որ 2014 թվականից ի վեր Տնտեսագիտական համալսարանը անդամակցում է «Էրազմուս+»-ին՝ ինտեգրվելով միջազգային կրթական շուկային: Պարզաբանվեց ծրագրին դիմելու պայմանները, ընթացակարգը: Հանդիպմանը մասնակցում էին «Էրազմուս+»-ի շրջանավարտներ, որոնք խոսեցին իրենց ձեռքբերումների, տպավորությունների մասին, օգտակար խորհուրդներ հղեցին ծրագրի ապագա մասնակիցներին:
Արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Լիլիթ Մկրտչյանը, ով ծրագրի շրջանակում սովորել է Բելգիայի Հասելթի համալսարանում, ուսանողներին պատմեց արտերկրում սովորելու առանձնահատկությունների մասին, պատասխանեց ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց Վարդ Ղուկասյանը, ընթացիկ շաբաթվա ընթացքում արտաքին կապերի բաժինը տեղեկատվական հանդիպում կանցկացնի նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում:
Ի գիտություն ծրագրով հետաքրքրվող ուսանողների, ովքեր չունեն անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ. առաջիկայում համալսարանում կկազմակերպվեն անգլերենի քննություններ
Հիշեցնենք, որ «Էրազմուս+»-ի մասին համապարփակ տեղեկություններ կարող եք գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրում, իսկ հարցերի դեպքում կարող եք դիմել արտաքին կապերի բաժին ( (+374 10) 593-484, Էլ. հասցե` int@asue.am ) :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին