«Ավարտական երեկո-party» ՀՊՏՀ շրջանավարտների համար. դիպլոմների հանձնումը՝ հանդիսավոր, երեկոն՝ ժամանցային (լուսանկարային շարք)

13.07.2021
Դիտումների քանակ՝ 1991

Կյանքի նոր շրջափուլ են ոտք դնում Տնտեսագիտական մայր բուհի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտները։ Երեկ՝ հուլիսի 12-ին, նրանք ավարտական վկայականներ (դիպլոմներ) ստացան՝ մասնակիցը դառնալով հագեցած ու անակնկալներով լի երեկոյի։

Միջոցառումը «Տեսարան» հանգստի և ժամանցի կենտրոնում էր՝ Նորքի բարձունքին, որը խորհրդանշական է այսօր բարձունքի հաղթահարման ճանապարհին ոտք դրած յուրաքանչյուր ՀՊՏՀ-ական շրջանավարտի համար:

Բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին բարեմաղթանքներ հղելու և շնորհավորելու էին եկել ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատրյանը, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՈւԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը, ՀՊՏՀ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, բուհի աշխատակիցներ։

Երեկոյի մեկնարկը պաշտոնական արարողությամբ էր․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհավորեց նորավարտներին՝ նշելով, որ նման գեղեցիկ միջոցառումները ոգևորիչ են ինչպես շրջանավարտների, այնպես էլ՝ 1-ին կուրսեցիների համար։ Նախարարի տեղակալը համոզմունք հայտնեց, որ շրջանավարտներն իրենց գիտելիքներով կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը, իրենց կրթական, գիտական և նորարարական հաջողություններով կապահովեն մեր պետության առաջընթացը։

«Սիրելի´ շրջանավարտներ, հուսով եմ՝ ձեր ներդրումը կունենաք մեր երկրի կրթական, գիտական, նորարարական առաջընթացի գործում՝ օգտակար լինելով և՛ ձեզ, և՛ պետությանը»,-ասաց Կարեն Թռչունյանն ու բարի երթ մաղթեց։

«Այսօր հանդիսավոր օր է, հուզված ենք բոլորս, քանի որ ՀՊՏՀ մեծ ընտանիքի անդամներից շատերին կյանքի ուղեգրեր ենք հանձնում: Եկեք չմոռանանք նրանց, ովքեր այսօր ձեզ հետ պետք է ավարտեին համալսարանը․ հավերժ փառք՝ պատերազմում ընկած մեր հերոսներին»,-իր ելույթն սկսեց ռեկտորը և ու նրա կոչով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։

Շարունակելով իր խոսքը՝ Դիանա Գալոյանը արժևորեց գիտելիքն ու կրթությունը՝ հորդորելով երբեք չդադարել սովորել ու զարգանալ, լինել կարգապահ ու պատասխանատու։

«Դուք կանգնած եք մեծ կյանքի դարպասների դիմաց, որը բացելու եք՝ գիտելիքով զինված։ Դուք տնօրինում եք մրցակցային այնպիսի ապրանքի, որի առջև ոչ մի փակ դուռ չկա, քանզի այս դարաշրջանը գիտելիքի և տեղեկատվության դարաշրջան է։ Գիտելիքը զորեղ բանալի է, որը ձեզ տալիս է ինքնավստահություն, վճռականություն, քաջություն՝ անվարան առաջ ընթանալու, նվաճելու, ձեռքբերումներ ունենալու, արարելու և ստեղծագործելու համար»,-ասաց ռեկտորն ու կանաչ ճանապարհ մաղթեց։

ՈւԽ նախագահը շնորհավորական ուղերձում հույս հայտնեց, որ ավարտողները շատ առիթներ կունենան իրենց ուսանողական կյանքը հիշելու և մաղթեց, որ նրանք, համալսարանում ստացած գիտելիքներով, կարողանան պատվով անցնել կյանքի ճանապարհը, տրամաբանված որոշումներ ընդունեն։

Ավարտական երեկոյին ՀՊՏՀ-ն հատուկ ուշադրության արժանացրեց իր գերազանցիկ շրջանավարտներին, որոնք ուսումնառության տարիներին ջանադիր աշխատանքով վաստակել են լավագույնի կոչումը։ Հաշվապահական հաշվառման և աուդիտի, կառավարման, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ՏԿ և ՄՏՀ, ինֆորմատիկայի և վիճակագրության և ֆինանսական ֆակուլտետների 2020-2021 ուսումնական տարվա լավագույն շրջանավարտներ ճանաչված Հայկ Քալանթարյանը, Մհեր Մելքոնյանը, Լիլիա Ալավերդյանը, Նարինե Պետրոսյանը, Մարիաննա Դանիելյանը և Անահիտ Իսրայելյանը հավաստագրեր ու նվերներ ստացան։

Եվ իհարկե, ըստ արժանվույն գնահատվեցին 44-օրյա պատերազմին մասնակցած և հայրենիքին անձնվիրաբար ծառայած ՀՊՏՀ շուրջ 5 տասնյակ շրջանավարտները, որոնք ևս շնորհակալագրերի ու նվերների արժանացան։

Երեկոն շարունակվեց ու ամբողջացավ ժամանցային մասով․զվարճալի խաղերով, երգ ու պարով ու անկեղծ ժպիտներով շրջանավարտներն իրենց օրը վայելեցին մինչև ուշ երեկո։ Վիճակահանությամբ նվերներ ստացան մի խումբ շրջանավարտներ։ ՀՊՏՀ գործընկեր-կազմակերպությունները (Արարատբանկ, Հայբիզնեսբանկ, Նաիրի ինշուրանս, ՎՏԲ-Հայաստան բանկ, Ռոսգոսստրախ-Արմենիա, Կոկա-կոլա), որոնք միաժամանակ գործատու են, մեր ավարտողների համար նվերներ էին պատրաստել ու հյուրասիրություն կազմակերպել։

Ջերմ լուսանկարաշարում ներկայացնում ենք օրվա անմոռանալի ակնթարթները։

Հավելենք, որ այս ուսումնական տարում ՀՊՏՀ-ն թողարկեց 1392 շրջանավարտ, այդ թվում՝ առկա բակալավրիատում՝ 772, առկա մագիստրատուրայում՝ 210, հեռակա բակալավրիատում՝ 410 (տվյալները՝ ուսումնական բաժնից):

Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին և մաղթում զարգացման ու հաջողության ճանապարհ։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին