Մագիստրանտների հյուրը PR մասնագետ Հայկ Կիրակոսյանն էր

Դիտումների քանակ՝ 1977

Մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ մարքեթինգային հաղորդակցություններ մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսում այսօր հերթական բաց դասն էր հրավիրյալ մասնագետի բանախոսությամբ: Հյուր էր «PR–ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը, ով պարզաբանեց հանրային կապերի հիմունքները, գործնական դաշտում դրանց կիրառման առանձնահատկությունները: Ներկա էր շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետ Աիդա Առուստամյանը:
Սկսելով դասը և համոզվելով, որ բացառապես բոլորը ծանոթ են PR-ի սահմանումներին, բանախոսը մագիստրանտների միտքը նվաճեց հետաքրքրական հարցով՝ իսկ ի՞նչ չէ PR-ը: Թերևս, լսարանը դժվարացավ պատասխանել:
Հայկ Կիրակոսյանը խոսեց իր մասնագիտական ձեռքբերումների մասին, ինչպես ինքը հիմնավորեց, ուսանողներին ցույց տալու համար, թե որքան պահանջված ու գրավիչ, բարձր վարձատրվող մասնագիտություն են ընտրել: Քննարկելով PR գործիքների արդյունավետությունը՝ նա ունկնդիրներին հանձնարարեց բաժանվել 2 խմբի և գրի առնել ամենակիրառելի՝ ստանդարտ և ոչ ստանդարտ գործիքները (մամուլի ասուլիս, տարատեսակ միջոցառումներ, բարեգործական ակցիաներ և այլն), հետո առանձին-առանձին վերլուծել դրանց նպատակահարմարությունը:
Հայկ Կիրակոսյանի ելույթը խարսխված էր այն մտքի վրա, որ հանրային կապերի մասնագետը, որքան էլ որ ապավինի մասնագիտական տեսությանը, հատկապես մերօրյա պահանջկոտ հասարակության մեջ, կարիք ունի նորաստեղծական մոտեցումների, թարմ գաղափարների: Դասը հագեցած էր խաղ-վարժություններով, համատեղ քննարկումներով, PR հոլովակների ուսումնասիրությամբ ու վերլուծությամբ, գործնական խորհուրդներով, մասնագիտությունը սիրելու ոգեշունչ խոսքով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին