Educational for Drone (eDrone). ՀՊՏՀ դասախոսները վերապատրաստվել են Իտալիայում

Դիտումների քանակ՝ 3249

Մեր համալսարանի արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Էրազմուս+» ծրագրի «Educational for Drone (eDrone)» №574090-EPP-1-2016-1-IT-EPPKA2-CBHE-JP նախագծի շրջանակներում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը Բենեվենտոյում, Իտալիայի Սանիո համալսարանում իրականացված վերապատրաստման ծրագրին մասնակցել են ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Վադիմ Գրիգորյանը, դոցենտ Լիլիթ Դադայանը և տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասիստենտ Արգամ Արտաշյանը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Վադիմ Գրիգորյանն ու Լիլիթ Դադայանը այս այցելությունը օգտակար փորձառություն, միջազգային համագործակցության մի նոր սկիզբ համարեցին: Վադիմ Գրիգորյանի փոխանցմամբ՝ նոր տեղեկատությամբ հագեցած տեսական և գործնական դասերի ընթացքում ուսումնասիրել են դրոնների կառուցվածքը, իրականացրել անօդաչու սարքերի 3 D մոդելավորում: ՀՊՏՀ ներկայացուցիչները Իտալիայից վերադարձել են՝ արտերկրի գործընկերների հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությամբ:
«Կարևոր եմ համարում իտալացի պրոֆեսոր Մատտեո Ռոսսիի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ առաջիկայում գիտական հոդված ենք հրապարակելու, որն անդրադառնալու է Հայաստանում և զարգացող երկրներում անօդաչու սարքերի կիրառման հանարավորություններին, հատկապես գյուղատնտեսության, քարտեզագրության, շինարարության ոլորտներում, հողերի հաշվառման գործընթացներում»,- ասաց նա:
Կարևորելով ձեռք բերված գիտելիքների ու փորձառության փոխանակումը և դրանց փոխանցումը ուսանողներին՝ արտաքին կապերի բաժնի, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Սարգսյանի և Արգամ Արտաշյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին կազմակերպվել է ուսանողության հետ հանդիպում: Վարդան Սարգսյանն ընդգծել է նախագծի անհրաժեշտությունը, իսկ Արգամ Արտաշյանը ներկայացրել է, թե վերապատրաստման ընթացքում անօդաչու թռչող սարքերի, դրանց՝ տնտեսության տարբեր ոլորտներում (ճշգրիտ գյուղատնտեսություն, շինարարություն, արտադրություն, արտակարգ իրավիճակներ, շրջակա միջավայր) կիրառման, առանձնահատկությունների և օգտակարության մասին ինչ գիտելիքներ է ձեռք բերել:
Մեր գործընկերները հիշեցնում են, որ «eDrone»-ը եռամյա նախագիծ է, որը մեկնարկել է 2016 թվականի հոկտեմբերի 15-ին: Նախագծի նպատակը նոր ուսումնական միջավայրի հիմնումն է, որը միտված է մասնագիտական գործունեության մեջ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման կարողությունների զարգացմանը: Մանրամասն տեղեկատվությունն առկա է նախագծի պաշտոնական կայքում և ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին