Հարութն այնքա᷉ ն առինքնող էր, այնքա᷉ ն բարեկիրթ. հավերժ փառք
Հարութ Հովհաննիսյան` անփոխարինելի ընկեր, բարեկիրթ, պայծառ ու ինտելեկտուալ երիտասարդ. այսպիսին է մեր անմահ հերոս ՀՊՏՀ-ականը ընկերների հուշերում:
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսեցի Հարութը ծառայության էր մեկնել 2019 թ. հունվարին: Հադրութում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս նա ընկավ հերոսի մահով…
Դեկան Նարեկ Կեսոյանը asue.am-ի հետ զրույցում նշեց, որ Հարութը, 1-ին կուրսեցի լինելով, հասցրել էր աչքի ընկնել իր բարեկրթությամբ, շահել էր բոլոր դասախոսների համակրանքը, դեկանատի աշխատակիցները միշտ կհիշեն նրա ժպիտը: Նա նաև հասարակական բարձր ակտիվություն էր ցուցաբերում, ՈւԽ-ական էր:
«Նա այնքան առինքնող էր, այնքան բարեկիրթ…»:
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ՈւԽ նախագահ Լուսինե Խուրշուդյանի խոսքով` Հարութին ճանաչող բոլոր համալսարանականներն անասելի ցավ են ապրում` գիտակցելով, որ նա էլ մեզ հետ չէ:
«Այսօր ընկերներով վերհիշում էինք մեր սիրելի Հարութի ամեն մի ասածը, շատ էր ուրախանում ֆակուլտետի ուսխորհրդի հաջողություններով: Բանակ գնալիս ասաց, որ կվերադառնա ու մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը ՈւԽ փառատոնում կդարձնի «Լավագույն ֆակուլտետ»: Երբ արդեն բանակում էր, զանգեցինք և ասացինք, որ մեր ֆակուլտետը լավագույնն է ճանաչվել, շատ ոգևորվեց, շնորհավորեց ու ասաց կեցցեն մերոնք…Նա անմահ հերոս է, մե′ր Հարութը»,- ասաց Լուսինեն։
Ցավակցում ենք ընտանիքին ու հարազատներին: Հարութը միշտ մեր սրտում է, հավերժ փառք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին