Նա մեր Միքոն էր, արցախցի Միքոն. հավերժ փառք ու խոնարհում

25.10.2020
Դիտումների քանակ՝ 1164

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս հերոսի մահով ընկավ ՀՊՏՀ ուսանող, ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Միքայել Մուրադյանը:

Միքայելը ՀՊՏՀ-ում սովորեց մեկ կիսամյակ ու այս տարվա ձմռանը զորակոչվեց բանակ: Նա լավ ուսանող էր, ակտիվ ուսխորհրդական ու հրաշալի ընկեր:

ՀՊՏՀ ՈւԽ նախագահի օգնական, ֆինանսական ֆակուլտետի ՈւԽ նախկին նախագահ Ժորա Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Միքայելին ճանաչել են ընդամենը մի քանի ամիս, բայց նա այնքան շփվող, ընկերասեր, հումորասեր ու աչքաբաց էր, որ հասցրեց դառնալ շատ ՀՊՏՀ-ականների հարազատն ու սիրելին:

«Նրա` Արցախի բարբառով, համ ու հոտով հումորները մեզ լիաթոք ծիծաղ էին պարգևում, նրա մարդ տեսակը հարազատ էր մեր հոգուն, կուրսում և ուսխորհրդում հարգված ու սիրված էր Միքոն: Մի դեպք հիշեցի` ՀՊՏՀ-ում ուսումնառության ընթացքում Միքոն 2 օրով գնաց Արցախ և երբ վերադարձավ` կուրսեցիներին անակնկալ մատուցեց. Արցախի գինի ու ժենգյալով հաց էր բերել: Իմ բաժինն առանձին էր պահել, այնպես էր ստացվել, որ ես այդ օրը դասի չէի եկել: Միքոն ժենգյալով հացն ու գինին տարել էր ուսխորհուրդ, և ՈւԽ-ականներն ասել են` Ժորան չի եկել, կլինի՞ մենք ուտենք ձեր համով-հոտով հացը, Միքոն իրեն հատուկ հումորով ասել է` սա իմ «զեմլյակի», իմ ՈւԽ նախագահի բաժինն է, ինքը կգա, թույլ կտա` կուտեք: Եվ այդպես էլ իմ բաժինը ինձ է հասել: Նա մեր Միքոն էր, մեր արցախցի Միքոն»,-ասաց Ժորան:

ՀՊՏՀ անունից ցավակցում ենք հերոսի ընտանիքին և հարազատներին: Հավերժ փառք ու խոնարհում…

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին