ՀՊՏՀ-ում էր հեռուստահաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը. մեկնարկեց «Կայացած կանայք ՀՊՏՀ-ում» միջոցառումների շարքը

Դիտումների քանակ՝ 1449

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը կանանց միամսյակի շրջանակներում այսօր մեկնարկեց «Կայացած կանայք ՀՊՏՀ-ում» խորագրով հանդիպումների շարքը, և առաջին բանախոսն էր հեռուստահաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը՝ «Հաջողության բանաձև» բանախոսությամբ: Հանդիպմանը ներկա էին ՈւԽ ներկայացուցիչներ, ուսանողներ տարբեր ֆակուլտետներից:

Հաղորդավարուհու խոսքը անկեղծ ուղերձ էր երիտասարդներին՝ հաջողություն կերտելու ճանապարհին դժվարությունների բախվելիս չընկրկելու, նպատակ սահմանել-հասնելու, հոգեհարազատ գործով զբաղվելու, նվիրումի, ինքնաճանաչման ու ինքնազարգացման մասին:

«Կյանքում եղե՛ք անկեղծ, նույնիսկ բեմում, և միայն այդ ժամանակ քեզ ունկնդրողները կդառնան քո բարեկամները»,- Հրաչուհի Ութմազյանը երիտասարդներին հորդորեց միշտ անկեղծ ու բնական լինել: Ոգեշնչումից մինչև փոքր ու մեծ անհաջողություններ, սովորելու, կարդալու, նորն ու հետաքրքիրը բացահայտելու, «ձեռքը աշխարհի զարկերակին պահելու», երբեք չհիասթափվելու, երազանքներից երբեք չհրաժարվելու, սեփական ներուժին ապավինելու մասին իր կյանքի ուշագրավ պատմություններով օրվա հյուրը փորձեց ուսանողներին ներկայացնել ոչ միայն իր կենսագրության կարևոր դրվագները, այլև հաջողության հասնելու իր բանաձևը, որի առանցքում անկեղծությունն է և համառ աշխատանքը:

Հանդիպման ավարտին Հրաչուհի Ութմազյանը պատասխանեց ուսանողների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին