ՀՊՏՀ-ում ձեռքբերումներս այնքան շատ են եղել, որ անգամ հաշվապահ-աուդիտորի մասնագիտությունն ունենալով` հաշիվս կորցրել եմ. շրջանավարտ Թագուհի Ավագյան

Դիտումների քանակ՝ 2453

asue.am-ի սիրելի′ ընթերցողներ, ամփոփում ենք «Ես ՀՊՏՀ-ական եմ, ես աշխատում եմ մասնագիտությամբ» խորագիրը, որը ՀՊՏՀ նորավարտների շուրթերից հատկապես ՀՊՏՀ դիմորդներին ուղղված հորդոր էր ընտրած մասնագիտությունը սիրելու, նրա կրողը դառնալու և մասնագիտությամբ աշխատելու մասին: Շարքն ավարտում է հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի շրջանավարտ, «Kreston International» անկախ հաշվապահական ընկերությունների ցանցի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական ընկերության աշխատակից Թագուհի Ավագյանը: Նախ` ծանոթացեք, ՀՊՏՀ-ի հետ անցած նրա փոքրիկ ուղուն, ապա` նրա ուղերձին:

«Ողջու՜յն ՀՊՏՀ-ական, ես Թագուհին եմ՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 2020թ. բակալավրիատի շրջանավարտ: Ինձ համար ՀՊՏՀ-ն հեքիաթային աշխարհ է, որտեղից հավաքել եմ իմ հաջողության բանալիները և այդ բանալիներով այսօր բացում եմ իմ առջև հայտնված բազմաբովանդակ և տարաբնույթ ոլորտի դռները…Բուհի ընտրությունը շատ հեշտությամբ եմ կատարել, քանի որ վստահ էի, որ տնտեսագիտական ուղղվածությամբ ամենամասնագիտացված բուհը ՀՊՏՀ-ն է: Մասնագիտական կողմնորոշման հարցում դժվարանում էի, քանի որ ՀՊՏՀ բոլոր բաժինները շատ գրավիչ էին: Մտորումների արդյունքում հայտնվեցի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում և գիտակ դասախոսների շնորհիվ շատ-շատ սիրեցի իմ մասնագիտությունը: Ինձ գրավում էին թվերը և անընդհատ ուզում էի բացահայտել ցանկացած խնդրի պատճառն ու վերլուծությամբ գտնել դրա լուծման հնարավոր ուղիները: Բուհ ընդունվելու առաջին իսկ օրից ՀՊՏՀ-ն ինձ գրկաբաց ընդունեց, նվիրեց կյանքիս լավագույն ուսանողական չորս տարիները, որտեղ երբեք կորուստներ չեմ ունեցել, իսկ ձեռքբերումներս այնքան շատ են եղել, որ անգամ հաշվապահ-աուդիտորի մասնագիտությունն ունենալով` հաշիվս կորցրել եմ...Ես արդեն աշխատում եմ իմ մասնագիտությամբ:

ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման ամենալարված շրջանն էր, շատերը կորցնում էին իրենց աշխատանքը, իսկ ես հենց այս շրջանում, դեռ ավարտական աշխատանքս չպաշտպանած, ՀՊՏՀ-ում ստացած գիտելիքների շնորհիվ, աշխատանքի ընդունվեցի «Kreston International» անկախ հաշվապահական ընկերությունների ցանցի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական ընկերությունում: Հետաքրքիրն այն է, որ ընկերության աշխատակիցների մեծ մասը հենց ՀՊՏՀ տարբեր սերնդի շրջանավարտներ են, ինչը շատ ոգևորիչ է: Աուդիտորական աշխատանքները շատ հետաքրքիր են, դրանց ընթացքում կատարում ենք անկախ և համակարգային ուսումնասիրություն` տարբեր կազմակերպությունների հաշվապահական հաշիվների, հաշվետվությունների, փաստաթղթերի և վաուչերների վերաբերյալ, բացահայտում դրանց իրական և ճշգրիտ պատկերը, ստուգում ֆինանսական հաշվետվությունների համապատասխանության աստիճանը: Արդեն երկու ամիս է, ինչ մասնագիտական ուղիս կառուցում եմ աուդիտի ոլորտում, և սա դեռ սկիզբն է: ՀՊՏՀ-ն ինձ տվել է մոտիվացիայի շատ մեծ չափաբաժին, հնարավորություն է ընձեռել մասնակցելու մի շարք աշխատաժողովների, գիտաժողովների, քննարկումների, մրցույթների, կամավորական աշխատանքների, թրեյնինգների, որի արդյունքում ձեռք եմ բերել շատ ընկերներ, կապեր, և, իհարկե, գիտելիք տարբեր ոլորտներից, ու ստացածս այժմ կիրառում եմ իմ աշխատանքում:

Անշուշտ, բարձրագույն կրթությունը կյանքի լավագույն ձեռքբերումներից է, և ՀՊՏՀ-ն ընտրած ուսանողներին իմ ուղերձը հետևյալն է` եղե՛ք լավագույն մասնագետ այն ոլորտում, որն ընտրել եք, ամեն օր նորը սովորեք, զարգացրե՛ք ձեր հմտությունները, հավատացե՛ք ձեր ուժերին, երբեք մի՛ վհատվեք և վստահ քայլե՛ք առաջ, քանի որ առջևում միշտ լուսավոր է: Իսկ ՀՊՏՀ-ն դեռ սպասում է ինձ. կհանդիպենք նույն վայրում, արդեն` մագիստրատուրայում, քանի որ ես գալու եմ հեքիաթային աշխարհ` կրկին իմ հաջողության բանալիների հետևից…»:

Սիրելի′ ՀՊՏՀ-ականներ, իրավամբ, ուսումնառության ամեն օրը մի ոսկե բանալի ձեռք բերելու հնարավորություն է: Ստեղծե′ք բանալիների մեծ հավաքածու, որպեսզի վաղը կարողանաք բացել բազում դռներ…Եթե «Ես ՀՊՏՀ-ական եմ, ես աշխատում եմ մասնագիտությամբ» նախագիծը թեկուզ մի փոքր կարողացավ բարձրացնել ձեր սովորելու մոտիվացիան և մասնագիտությամբ աշխատելու մղումը, ապա, մենք շատ ուրախ ենք:

Հ.Գ. Մեր այս խորագրում ներկայացրինք նորավարտների`  ՀՊՏՀ  բոլոր ֆակուլտետներից. Ծովինար Սարգսյանի, Տիգրան Ղալայանի ԼիանաՉանախչյանի, Վահրամ Ասատրյանի, Հակոբ Մուրադյանի  ուղերձներին ծանոթացեք ակտիվ հղումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին