ՐԻՖԱՅՆ նախագծի շրջանակում ֆինանսների մագիստրոսական ծրագրերում նորամուծություններ կներդրվեն

Դիտումների քանակ՝ 1607

Տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակաշրջանում ինչպե՞ս առավել արդյունավետ դարձնել ուսումնական գործընթացը, դասին ներգրավել ամբողջ լսարանը, առավելագույնս զարգացնել ուսանողի մասնագիտական կարողությունը. խնդրո առարկայի շուրջ քննարկման ընթացքում այսօր նորարարական լուծումներ առաջարկեցին «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) նախագծի շրջանակներում Ամստերդամի կիրառական գիտությունների համալսարանում վերապատրաստված ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դոցենտ Արմինե Սչանյանը, ասիստենտներ Սրբուհի Իսրայելյանը, Մարե Խաչատրյանը և վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը:

Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանը, ֆինանսների ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Կարեն Գրիգորյանը, միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը և աշխատակիցներ:

Ամստերդամում անցկացված երկշաբաթյա վերապատրաստումը, ըստ դասախոսների, բացառիկ հնարավորություն էր ծանոթանալու եվրոպական կրթական առաջատար փորձին, և արդյունքում, այն տեղայնացնելու նպատակով, բարեփոխումներ են նախատեսվում ֆինանսների մագիստրոսական ծրագրերում, որոնք կմեկնարկեն նոր ուսումնական տարվանից:

Զեկուցումներում Արմինե Սչանյանը, Մարե Խաչատրյանը և Սրբուհի Իսրայելյանը կանգ առան փորձառության կազմակերպման, կրթության որակի ապահովման գործընթացի արդյունավետության բարձրացման ուղիներին, այնուհետև քննարկվեցին թվային ուսուցման և ժամանակակից մեթոդների կիրառման առանձնահատկությունները, ուսումնական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծման եղանակները: Առցանց հարթակում ուսումնական նյութի վերաբերյալ քննարկումներ, հարցուպատասխան, դասախոս-ուսանող երկկողմանի ինտենսիվ կապի ապահովում. սա նորարարական ուսուցման մի բաղադրիչն է:

Ֆինանսների մագիստրոսական ծրագրերում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ կարծիքներ հնչեցրին պրոռեկտոր Դիանա Գալոյանը, ամբիոնի վարիչներ Աշոտ Սալնազարյանը, Կարեն Գրիգորյանը:

ՐԻՖԱՅՆ-ը ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: Ծրագրի մասին մանրամասներ կարող եք կարդալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին