ՀՊՏՀ-ն և Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը կհամագործակցեն. հուշագրի ստորագրում՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 2308

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը և Նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թոմաս Մազեջյանը այսօր մեր համալսարանում ստորագրեցին փոխըմբռման հուշագիր, որով կողմերի միջև սկիզբ է առնում համագործակցություն՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում կրթության և գիտության զարգացման համատեքստում ընդհանուր նպատակների իրագործմանը:

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանը, գիտության գծով պրոռեկտոր Տիգրան Մնացականյանը, վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի տնօրեն Արամ Հովհաննիսյանը, արտաքին կապերի դեպարտամենտի բաժինների ղեկավարներ Աղավնի Հակոբյանը, Վարդ Ղուկասյանը, Լիլիթ Գյուլգյուլյանը աշխատակիցներ, կազմակերպության ներկայացուցիչներ:

Ներկաներին ողջունեց շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը՝ ընդգծելով, որ ՀՊՏՀ-ն թևակոխել է բարեփոխումների փուլ, որում կարևորվում են ինչպես համալսարանի միջազգայնացմանն ուղղված միջոցառումները, գիտահետազոտական բաղադրիչի ակտիվացումը, այնպես էլ վերապատրաստման ծրագրերը:

«Այս հուշագրի ստորագրումը մեր համալսարանի բարեփոխումների համատեքստում է, քանի որ այժմ մենք համագործակցություն ենք ստեղծում տարբեր ուղղություններով՝ տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի կարողանանք լուրջ առաջընթաց ունենալ»,-ասաց ռեկտորի պաշտոնակատարը և, անդրադառնալով Նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI) հայաստանյան մասնաճյուղի հետ գործակցությանը, շեշտեց, որ նախագծերի կառավարումը ամենաթրենդային մասնագիտություններից է, ուստի այս համագործակցությունը ՀՊՏՀ-ի համար կարևոր նշանակություն է ստանում: «Մեր համալսարանն իր ուղղվածությամբ, ղեկավարության և աշխատակազմի տրամադրվածությամբ պատրաստ է առաջ մղել ձեր գաղափարները, որոնք, կարծում ենք, փոխադարձ օգտակար կլինեն»,- ընդգծեց Ռուբեն Հայրապետյանը:

Նախագծերի կառավարման հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թոմաս Մազեջյանը ելույթում խոսեց իրենց կազմակերպության հիմնադրման, առաքելության և գործունեության արդյունքում արձանագրած հաջողության մասին:

«Մեր աշխատանքային ուղղություններից մեկը ակադեմիական շրջանակների հետ փոխգործակցությունն է»,-ընդգծեց Թոմաս Մազեջյանը՝ կարևորելով ՀՊՏՀ-ի հետ հուշագրի ստորագրումը: «Մենք ունենք նախագծերի կառավարիչների մեծ համայնք, որում ներգրավված են պրոֆեսիոնալ մարդիկ: Մեր նպատակն է, որ այդ մարդիկ իրենց գիտելիքը, փորձն ու հմտությունները փոխանցեն ուսանողներին»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Թոմաս Մազեջյանը:

Հուշագիրը նախատեսում է բովանդակալից փոխգործակցություն, որը կնպաստի թե' ուսանողների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ու անձնակազմի վերապատրաստմանը, թե' համալսարանի գիտահետազոտական ուղղության աշխուժացմանը:

Կողմերը խոստացան՝ հուշագրով նախատեսված անելիքները թղթի վրա չեն մնա, շուտով ձեռնամուխ կլինեն դրանց իրագործմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին