Միջազգային համագործակցություն. ՀՊՏՀ-ում էր Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը

Դիտումների քանակ՝ 2998

ՀՊՏՀ-ն ընդլայնում է միջազգային գործակցության շրջանակը՝ կապեր ստեղծելով տարբեր երկրների առաջատար բուհերի, գիտահետազոտական կազմակերպու­թյունների հետ: Այսօր մեր համալսարանը հյուրընկալեց Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի պատվիրակությանը: Ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը և փոխտնօրեն-ավագ փորձագետ Վարդան Աթոյանը ՀՊՏՀ չինական լսարանում հյուրերի հետ քննարկեցին համագործակցության նոր հորիզոնները:

Դիանա Գալոյանը, ողջունելով ներկաներին, հակիրճ խոսեց ՀՊՏՀ-ում սկիզբ առած ու լայն թափով առաջ ընթացող բարեփոխումների մասին, և այդ համատեքստում առանձնահատուկ անդրադարձավ միջազգային կապերի կարևորությանն ու նոր համագործակցությունների ամրագրման անհրաժեշտությանը: Համալսարանի ղեկավարը չինացի գործընկերների ուշադրությանը ներկայացրեց ՀՊՏՀ գործունեության ուղղությունները՝ ուսումնական, գիտական, հետազոտական և այլ: Ամփոփելով ելույթը՝ Դիանա Գալոյանը հայտնեց, որ ՀՊՏՀ-ն բաց է համագործակցության համար՝ հույս հայտնեց, որ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետաքրքրությունները համընկնում են ՀՊՏՀ-ի հետ՝ ուսումնական, գիտական, փոխանակային մի շարք ծրագրեր կյանքի կոչելու հարցում:

Դավիթ Հախվերդյանն ու Վարդան Աթոյանը մանրամասնեցին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի առաքելությունը և նախանշեցին չինացի գործընկերների հետ գիտական-հետազոտական համագործակցության ուղիները:

Կողմերը կանգ առան Չինաստան-Հայաստան բազմակողմ համագործակցության արդյունավետության վրա, առանձին քննարկման արժանացավ դրա տնտեսական ասպեկտը (Մեկ գոտի մեկ ճանապարհ, Մետաքսի ճանապարհ և այլն):

Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի Արևելյան Ասիայի և Կովկասի բաժանմունքի տնօրեն Ժանգ Նինգը և նույն ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի Կենտրոնական Ասիայի բաժանմունքի փոխտնօրեն Յան Ցզինը ներկայացրին մեր համալսարանի հետ նախատեսվող գործակցության իրենց տեսլականը:

Հատկանշական է, որ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի ներ­կա­յացուցիչները բավականին իրատեսական համարեցին Չինաստանում Հայաստանը ներկայացնող հատուկ կենտրոնի բացման խնդիրը՝ հավաստիացնելով, որ այն կստանա նաև երկրի կրթության նախարարության աջակցությունը:

Չինական կողմը հետաքրքրված էր Հայաստանի, Կովկասի և տարածաշրջանային տնտեսական կապերի մասին պատմող հրատարակություններով, ինչին ի պատասխան, ՀՊՏՀ ներկայացուցիչները տրամադրեցին մի քանի գրքեր:

Գործընկերային հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ հանձնեցին միմյանց:

Նշված չինական ակադեմիայի հետ ՀՊՏՀ-ն նախատեսում է հուշագիր ստորագրել՝ համագործակցությունը տեղափոխելով պաշտոնական ու գործնական հարթակ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին