Միջազգային համագործակցություն. ՀՊՏՀ-ում էր Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը
ՀՊՏՀ-ն ընդլայնում է միջազգային գործակցության շրջանակը՝ կապեր ստեղծելով տարբեր երկրների առաջատար բուհերի, գիտահետազոտական կազմակերպությունների հետ: Այսօր մեր համալսարանը հյուրընկալեց Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի պատվիրակությանը: Ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը և փոխտնօրեն-ավագ փորձագետ Վարդան Աթոյանը ՀՊՏՀ չինական լսարանում հյուրերի հետ քննարկեցին համագործակցության նոր հորիզոնները:
Դիանա Գալոյանը, ողջունելով ներկաներին, հակիրճ խոսեց ՀՊՏՀ-ում սկիզբ առած ու լայն թափով առաջ ընթացող բարեփոխումների մասին, և այդ համատեքստում առանձնահատուկ անդրադարձավ միջազգային կապերի կարևորությանն ու նոր համագործակցությունների ամրագրման անհրաժեշտությանը: Համալսարանի ղեկավարը չինացի գործընկերների ուշադրությանը ներկայացրեց ՀՊՏՀ գործունեության ուղղությունները՝ ուսումնական, գիտական, հետազոտական և այլ: Ամփոփելով ելույթը՝ Դիանա Գալոյանը հայտնեց, որ ՀՊՏՀ-ն բաց է համագործակցության համար՝ հույս հայտնեց, որ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետաքրքրությունները համընկնում են ՀՊՏՀ-ի հետ՝ ուսումնական, գիտական, փոխանակային մի շարք ծրագրեր կյանքի կոչելու հարցում:
Դավիթ Հախվերդյանն ու Վարդան Աթոյանը մանրամասնեցին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի առաքելությունը և նախանշեցին չինացի գործընկերների հետ գիտական-հետազոտական համագործակցության ուղիները:
Կողմերը կանգ առան Չինաստան-Հայաստան բազմակողմ համագործակցության արդյունավետության վրա, առանձին քննարկման արժանացավ դրա տնտեսական ասպեկտը (Մեկ գոտի մեկ ճանապարհ, Մետաքսի ճանապարհ և այլն):
Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի Արևելյան Ասիայի և Կովկասի բաժանմունքի տնօրեն Ժանգ Նինգը և նույն ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի Կենտրոնական Ասիայի բաժանմունքի փոխտնօրեն Յան Ցզինը ներկայացրին մեր համալսարանի հետ նախատեսվող գործակցության իրենց տեսլականը:
Հատկանշական է, որ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները բավականին իրատեսական համարեցին Չինաստանում Հայաստանը ներկայացնող հատուկ կենտրոնի բացման խնդիրը՝ հավաստիացնելով, որ այն կստանա նաև երկրի կրթության նախարարության աջակցությունը:
Չինական կողմը հետաքրքրված էր Հայաստանի, Կովկասի և տարածաշրջանային տնտեսական կապերի մասին պատմող հրատարակություններով, ինչին ի պատասխան, ՀՊՏՀ ներկայացուցիչները տրամադրեցին մի քանի գրքեր:
Գործընկերային հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ հանձնեցին միմյանց:
Նշված չինական ակադեմիայի հետ ՀՊՏՀ-ն նախատեսում է հուշագիր ստորագրել՝ համագործակցությունը տեղափոխելով պաշտոնական ու գործնական հարթակ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին