Միջազգային վերապատրաստման շաբաթ. մեկ օրվա հագեցած օրակարգում

Դիտումների քանակ՝ 1252

Եվրոպական 8 համալսարանների 11 դասախոսների և վարչական աշխատակիցների մասնակցությամբ մեր համալսարանում ընթանում է միջազգային վերապատրաստման շաբաթը:
Այսօր աշխատանքային օրակարգն սկսվեց համալսարանի արտաքին կապերի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ գրադարան, ընթերցասրահներ (թվային գրադարան), համակարգչային քննասենյակներ, մարզասրահ, ինչպես նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոն հյուրերի այցով:
Շրջայցի մասին մեզ մանրամասներ ներկայացրեց արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Տաթևիկ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և աշխատակից Մարիամ Մնացականյանը ներկայացրին գրադարանի պատմությունը, ռեսուրսները, էլեկտրոնային գրադարանն ու թվայնացման գործընթացը: Հյուրերին զարմացրեց հատկապես թղթային քարտադարանը, որը, նրանց կարծիքով, լավ հիշողություններ է պահպանում գրադարանային աշխատանքի անցյալից:
Համակարգչային քննասենյակներում ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանի և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սամվել Հովհաննիսյանի նախաձեռնությամբ բոլոր մասնակից հյուրերի համար պատրաստվել էին ուսանողական քարտեր, որպեսզի նրանք գործնականում ծանոթանային մեր համալսարանի համակարգչային քննակարգին: Կազմվել էին Հայաստանի մասին 10 հարցից բաղկացած հարցաշարեր, հյուրերը նստեցին համակարգիչների առջև, մուտքագրեցին գաղտնագրերը, պատասխանեցին հարցերին և ստացան գնահատականներ: Տեղում կազմակերպվեց նաև քննությունների վերաբերյալ քննարկում:
Մարզասրահում հյուրերը ծանոթացան ֆիզիկական կուլտուրայի զարգացման համալսարանական պայմաններին և ՀՊՏՀ ուսանող-մարզիկների հաջողություններին:
«Ամբերդ»-ում հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող Գայանե Թովմասյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնի պատմությունը, գործունեության դաշտը, կատարվող հետազոտությունների ուղղությունները, համագործացությունները և ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ փոխգործակցությունը: Հյուրերը հիացան կենտրոնի պատուհաններից բացված երևանյան համայնապատկերով:
Ինչպես մեզ տեղեկացրեց Տաթևիկ Հովհաննիսյանը, արտաքին կապերի բաժնի աշխատակիցները հյուրերին նախապես տեղեկատվական գրքույկներ են բաժանել՝ համալսարանի ֆակուլտետների գործունեությանը ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում, սահմանված օրակարգին զուգահեռ, հանդիպումներ կազմակերպելու նպատակով: Միաժամանակ միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր վերապատրաստման են մասնակցել ՀՊՏՀ վարչական աշխատակիցները:
Մեր այցելության պահին ֆինանսական ֆակուլտետի ուսանողության համար դասախոսությամբ հանդես էր գալիս Պյոտր Մանիկովսկին՝ Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի դպրոցից: Դասախոսությանը ներկա էր բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աննա Ասլանյանը:
Այսօր oրակարգում են դասախոսություններ համալսարանի տարբեր ֆակուլտետնում. ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում՝ Դորոտա Մոժիրսկան (Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարան), կառավարման ֆակուլտետում՝ Մարիան Կովաչը (Բրատիսլավայի տնտեսագիտության և հանրային վարչարարության համալսարան), միջազգային ծրագրերի կենտրոնում՝ Պյոտր Կոպիցինսկին (Կրակովի տնտեսագիտական համալսարան), ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետում՝ Էմանուիլ Մարակկոդակիսը (Հունաստանի Էգեյանի համալսարան):
Հիշեցնենք՝ երեկ՝ ապրիլի 17-ին, միջոցառման մեկնարկին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, «Էրազմուս +»-ի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և նույն գրասենյակի ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի աշխատակազմը՝ պետ Վարդ Ղուկասյանի գլխավորությամբ:
Միջազգային վերապատրաստման շաբաթը նախաձեռնել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին