Գիտաուսումնական լաբորատորիաները ներկայացնում են էլեկտրոնային պարբերականների 2-րդ համարը

Դիտումների քանակ՝ 1939

ՀՊՏՀ գիտաուսումնական լաբորատորիաները էլեկտրոնային հրատարակության են ներկայացրել իրենց պարբերականների 2-րդ համարները, որոնց կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի գիտաուսումնական լաբորատորիաների էջում
«Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» ԳՈւԼ-ի էլեկտրոնային պարբերականի երկրորդ թողարկումը նվիրված է ԵԱՏՄ անդամ երկրների 2017թ. դրամավարկային քաղաքականությունների համեմատական վերլուծությանը, կիրառված գործիքակազմի վարքագծային գնահատականներին: ԳՈՒԼ-ի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ իրենք նպատակ են հետապնդել սույն պարբերականի շրջանակներում ընթերցողին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն, որի ձևավորման համար որպես աղբյուրներ կիրառվել են ԵԱՏՄ անդամ երկրների կենտրոնական (ազգային) բանկերի և ԵԱՏՄ-ի պաշտոնական վեբ կայքերի վիճակագրական տվյալները: Էլեկտրոնային պարբերականի նոր համարը՝ այստեղ
«Ֆինանսական ներգրավվածություն» ԳՈւԼ-ի էլեկտրոնային պարբերականի երկրորդ թողարկումը նվիրված է ֆինանսական ներգրավվածությունը բնութագրող և պայմանավորող հիմնական բաղադրիչների վիճակագրությանը: ԳՈՒԼ-ի ղեկավար, տ.գ.դ., դոցենտ Սերգեյ Սուքիասյանի խոսքով, մասնավորապես, 2017թ. նվազման միտում են ցույց տվել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի ինչպես ներգրավման, այնպես էլ տեղաբաշխման տոկոսադրույքները, ավելացել են վարկերի և ավանդների ծավալները, ընդլայնվել է ֆինանսական ծառայություններ ստացող հաճախորդների շրջանակը: Նշվում է, որ տրամադրված վարկերի ծավալները գերազանցում են ներգրավման ծավալները, ինչը նշանակում է, որ վարկավորումն իրականացվում է ներգրավման այլ աղբյուրների հաշվին: Այս և բանկային գործունեության մյուս կողմերի շուրջ լաբորատորիայում ընթացքի մեջ է «Բանկային տոկոս: Գործոններ: Նվազման հեռանկարներ» թեմայով հետազոտությունը: Էլեկտրոնային պարբերականի նոր համարը՝ այստեղ
«Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանը նշեց, որ էլեկտրոնային պարբերականի երկրորդ համարում զետեղված նյութերը վերաբերում են Հայաստանի տնտեսության ինովացիոն կոնվերգենտության, բարձրտեխնոլոգիական արտահանման վրա տնտեսության դիվերսիֆիկացման ազդեցությունների գնահատումներին, ինչպես նաև ՀՀ տնտեսական աճի վրա ինովացիոն գործոնների երկարաժամկետ ազդեցությունների հիմնախնդիրներին: Ըստ լաբորատորիայի ղեկավարի՝ նշված ազդեցությունները և փոխառնչությունները գնահատվել են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային վիճակագրական աղբյուրների համադրման, այնպես էլ՝ դրանց վրա խարսխված մաթեմատիկական մոդելների մշակման ու լուծման միջոցով: Էլեկտրոնային պարբերականի նոր համարը՝ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին