Ամփոփվեց միջազգային վերապատրաստման շաբաթը. բանախոսեց Զարմինե Զեյթունցյանը

Դիտումների քանակ՝ 2069

ԵՄ «Էրազմուս +» ծրագրի շրջանակում դասախոսների և վարչական աշխատակիցների միջազգային վերապատրաստման շաբաթն այսօր անցավ եզրափակիչ միջոցառումներով:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում հանդես եկավ դասախոսությամբ՝ «Մարքեթինգի կարևորությունը համալսարանների համար» թեմայով: Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, արտաքին կապերի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Վարդ Ղուկասյանի գլխավորությամբ, ամբիոնների վարիչներ, դասախոսներ:
Հենվելով աշխարհի տարբեր երկրներում աշխատելու իր փորձի և ուսումնասիրությունների վրա՝ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրեց համալսարանական մարքեթինգի կառուցակարգերն առհասարակ և հանգամանորեն կանգ առավ արտասահմանցի ուսանողների համար Հայաստանի՝ որպես համալսարանական կրթության կենտրոնի գրավչությունների ու առաջարկվող պայմանների վրա: Նա խոսեց համալսարանական պատմության հարուստ անցյալի, կրթական ավանդույթների, թանգարանային մշակույթի, բանկային համակարգի, կեցության պայմանների, ապահովության, տրանսպորտի, առողջ սնունդի և այլն մասին՝ ընդգծելով այդ ամենում հայ ժողովրդի ազգային նկարագրի առավելությունները՝ կրթության բարձր հարգ, հյուրասիրություն, բարություն, կամեցողություն:
Բանախոսը սիրով պատասխանեց հյուրերի հարցերին և որպես ամփոփում ցուցադրեց «Անմոռանալի հիշողությունների երկիր» տեսաֆիլմը:
Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Զարմինե Զեյթունցյանին համակողմանի ու անչափ հետաքրքիր դասախոսության համար և հանձնեց հուշանվեր:
Այնուհետև արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Մարուքյանի շնորհանդեսն էր «Կարողությունների զարգացման ծրագրի մշակում և կառավարում» թեմայով:
Միջազգային վերապատրաստման շաբաթն իր հանգուցալուծմանը հասավ հավաստագրերի ու խորհրդանշական նվերների հանդիսավոր հանձնումով: Շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, հույս հայտնելով նոր կառուցողական համագործակցության ու հեռանկարների՝ Գագիկ Վարդանյանը շնորհավորեց ու հանձնեց հավաստագրեր:
Հիշեցնենք՝ միջազգային վերապատրաստման շաբաթը, որը կազմակերպել էր է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը, մեկնարկել էր ապրիլի 16-ին: Մասնակցեցին եվրոպական 8 համալսարանների 11 դասախոսներ և վարչական աշխատակիցներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին