Կառավարման ֆակուլտետում անցկացվեց ՈՒԳԸ գարնանային նստաշրջանի նիստը

Դիտումների քանակ՝ 1703

Երեկվանից մեկնարկած ՀՊՏՀ ՈՒԳԸ գարնանային նստաշրջանի շրջանակներում նիստեր են հրավիրում ֆակուլտետները: Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում երեկ անցկացված նիստին այսօր հաջորդեց կառավարման ֆակուլտետը:
Նիստը բացեց կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ պատասխանատու, կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Տիգրան Մնացականյանը՝ նշելով, որ, կարելի է ասել, այսօրվա ՈՒԳԸ նիստին մասնակցում է հետազոտական կարողություններով օժտված ուսանողական վերնախավը: Ֆակուլտետային պատասխանատուն ներկայացրեց մրցատյանի կազմը, ապա ընդգծեց, որ ներկայացվելիք զեկուցումները գնահատվելու են ոչ թե հստակ բալային համակարգով, այլ մրցատյանի կողմից առաջադրված մի շարք չափանիշներով, ինչպես օրինակ թեմայի արդիականություն, եզրահանգումների հիմնավորվածություն, ելույթի ներկայացում:
«Մեր այսօրվա նիստի ձևաչափը ֆորումային է, այսինքն՝ յուրաքանչյուր մասնակից կարող է հարց տալ զեկուցողին»,- ընդգծեց Տիգրան Մնացականյանը: Գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը հայտնեց, որ բացի հաղթող եռյակից կլինի նաև մրցատյանի հատուկ մրցանակ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Տիգրան Մնացականյանն ուրախությամբ ներկայացրեց նստաշրջանի կազմակերպումը և իրենց ֆակուլտետի մասնակցությունը՝ նշելով, որ իրենց ֆակուլտետի ՈՒԳԸ նիստում կներկայացվեն 13 զեկուցումներ, որոնք արդեն իսկ ընտրվել են ամբիոնների կողմից: Մասնակիցների շարքում են թե բակալավրիատի և թե մագիստրատուրայի ուսանողներ, սակայն մեծ թիվ են կազմում բարձր կուրսեցիները: Ֆակուլտետի ՈՒԳԸ նիստին մասնակցում է և զեկույցով հանդես եկավ «Էրազմուս+» ծրագրով մեր համալսարանում գտնվող Պոզնանի համալսարանի ուսանող Յան Բեդնորցը:
Նիստի արդյունքներով հաղթողներ ճանաչվեցին հետևյալ ուսանողները՝ 1-ին հորիզոնական՝ Անի Դավթյան (Աշխատանքի տնտեսագիտություն, մագիստրատուրա 1-ին կուրս)՝ «Կենսաթոշակային համակարգերի կատարելագործման ուղիները ԱՊՀ երկրներում» թեմայով, 2-րդ տեղ՝ Սուսաննա Սարդարյան (Զբոսաշրջության կառավարում, 4-րդ կուրս)՝ «Հյուրատների զարգացման արդի միտումները և հեռանկարները ՀՀ-ում» աշխատանքով, 3-րդ տեղ՝ Քրիստինե Թաթոսյան (Զբոսաշրջության կառավարում, 3-րդ կուրս)՝ «ՀՀ զբոսաշրջության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով: Մրցատյանի հատուկ մրցանակին արժանացավ Կառավարում 1-ին կուրսի ուսանող Վահե Մարտիրոսյանը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կառավարման կազմակերպական կառուցվածքի կատարելագործման գործում» աշխատանքի համար:
Հիշեցնենք, որ ֆակուլտետային լավագույն եռյակները հնարավորություն կստանան մասնակցելու մայիսին Ծաղկաձորում կայանալիք LEVEL UP գիտաժողովին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին