ՈԻԳԸ ֆակուլտետային նիստը՝ հետազոտական ուղու լավ մեկնարկ

Դիտումների քանակ՝ 2117

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի չինական սրահում երեկ ֆակուլտետային նիստով մեկնարկեց ՀՊՏՀ Ուսանողական գիտական ընկերության գարնանային նստաշրջանը: Մասնակցում էին ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը, դեկանի տեղակալ Վադիմ Գրիգորյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը, ֆակուլտետի ՈՒԳԸ պատասխանատու Լիլիթ Դադայանը:
Ողջունելով մասնակիցներին՝ Սևակ Խաչատրյանը կարևորեց ուսանողների մասնակցությունը գիտահետազոտական աշխատանքներին, այս հարթակում ստեղծագործական թիմ ձևավորելու, յուրաքանչյուրի ներուժը բացահայտելու և կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունը:
«Ձեր զարգացմանը միտված մեր ձեռնարկումներում որևէ խոչընդոտ չկա, բուհի ղեկավարությունը պատրաստակամ է աջակցել և խրախուսել լավագույններին և վերջիններիս ներգրավել հետազոտական խմբերում: Կարծում եմ՝ սա լավ մոտիվացիա է»,- ասաց պրոռեկտորը՝ ավելացնելով, որ քննարկվում է նաև ուսանողական գիտական հանդես ստեղծելու գաղափարը և ներկայացրեց մասնակիցներին գնահատող մրցատյանի կազմը՝ Խորեն Մխիթարյան, Վադիմ Գրիգորյան, Լիլիթ Դադայան, Մարի Եղիազարյան (ՈՒԳԸ նախագահ, մագիստրանտ):
ՈՒԽ նախագահը ողջունեց ՈՒԳԸ նստաշրջանի մեկնարկը և հավաստիացրեց, որ ֆակուլտետային լավագույն եռյակները հնարավորություն կստանան մասնակցելու մայիսին Ծաղկաձորում կայանալիք LEVEL UP գիտաժողովին:
Թաթուլ Մկրտչյանն արդյունավետ աշխատանք մաղթեց նիստի մասնակիցներին և ընդգծեց, որ ՈՒԳԸ-ին անդամակցելը և հաջող մասնակցությունը շատ կարևոր է անվանական կրթաթոշակի հավակնորդության, ինչպես նաև ասպիրանտուրա դիմելու հարցում:
Խորեն Մխիթարյանը ելույթի հրավիրեց առաջին մասնակցին՝ Զառա Գրիգորյանին՝ «Մուլտիմեդիա տեխնոլոգիաների օգտագործման հեռանկարները գովազդի և բրենդի ստեղծման և տեսողականացման գործում» թեմայով և բոլոր մասնակիցներին հիշեցրեց, որ հարկ է համակողմանիորեն ներկայացնել գործնական եզրակացությունները ու կարևոր շեշտադրումները:
Նիստի արդյունքները մեր խնդրանքով ամփոփում է Լիլիթ Դադայանը. «Ուրախալի է փաստել, որ մասնակիցները, որոնցից շատերը հետազոտական առաջին քայլերն են կատարում, լավ էին աշխատել ու հանդես եկան վստահ ու համոզիչ: Մրցատյանը քննարկումից հետո որոշեց հաղթական հորիզոնականները բաշխել հետևյալ կերպ. 1-ին տեղ՝ Արփինե Փանոսյան (մարքեթինգ, 4-րդ), «Կոնտենտ մարքեթինգի գործիքները ՀՊՏՀ օրինակով», 2-րդ տեղ՝ Անի Խաչատրյան (մարքեթինգ, 4-րդ) «Համերգային իրադարձությունների ՀՀ շուկան և դրանում առկա խնդիրները», 3-րդ տեղ՝ Անի Մինասյան (մագիստրատուրա, 2-րդ) «Սպառողների բավարարվածության գնահատում»: Մրցատյանի հատուկ մրցանակին արժանացան Զառա Գրիգորյանը (մարքեթինգ, 2-րդ) «Մուլտիմեդիա տեխնոլոգիաների օգտագործման հեռանկարները գովազդի և բրենդի ստեղծման և տեսողականացման գործում» և Դավիթ Հակոբյանը (կոմերցիա, 3-րդ) «Կրիպտոարժույթը և դրա տեսակները։ Մայնինգ»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին