Միջազգայնացում, մարզաառողջարանային հանգստի կազմակերպում, քոլեջի վարձավճարների իջեցում և այլ հարցեր՝ տարեվերջյան գիտխորհրդում

Դիտումների քանակ՝ 1149

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ գիտական խորհրդի այս ուսումնական տարվա վերջին նիստը՝ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր, գիտական խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանի նախագահությամբ:
ՀՊՏՀ միջազգային գործունեության վիճակի և խնդիրների մասին զեկուցեց արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը՝ շեշտադրելով, որ համալսարանի միջազգային գործունեությունն իրականացվում է բուհի 2016-2020 զարգացման ռազմավարական ծրագրի համաձայն: Վարդ Ղուկասյանը ներկայացրեց համալսարանի միջազգային գործունեության ցուցանիշները, որոնք են՝ ուսանողների, դասախոսների փոխանակում, օտար լեզվով դասավանդվող մասնագիտությունների թիվ, օտարերկրյա ուսանողների թիվ, մասնակցություն դրամաշնորհային ծրագրերին, ապա մանրամասն՝ բոլոր ցուցանիշների ուղղությամբ, թվերի տեսքով, ներկայացրեց կատարված աշխատանքը և արդյունքները: Անդրադարձ եղավ նաև բուհի միջազգայնացման ճանապարհին առկա խոչընդոտներին և խնդիրներին, որոնց լուծման ուղղությամբ ներկայացվեցին լուծումներ:
Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը զեկուցման ավարտից հետո նշեց, որ վերջին մի քանի տարիներին արտաքին կապերի բաժնի աշխատանքը տեսանելի է դարձել և այսպես շարունակելու դեպքում ավելի մեծ հաջողություններ կարելի է ակնկալել: Գիտական խորհուրդը հաղորդումն ընդունեց ի գիտություն՝ կատարված աշխատանքը գնահատելով բավարար և արձանագրելով, որ բուհերի միջազգայնացումը բուհերի զարգացման ռազմավարությունների կարևոր բաղադրիչներից մեկն է:
Ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը զեկուցեց «Ուսանողության և աշխատողների ամառային հանգստի կազմակերպման աշխատանքների ընթացքը «Դիլիջան» մարզաառողջարանում» հարցի մասին՝ գիտխորհրդին ներկայացնելով, որ մարզաառողջարանում կատարվել են որոշակի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ և այն լիովին պատրաստ է հանգստացողներին ընդունելու համար: Գիտխորհուրդը որոշեց նաև անվճար ուղեգրեր հատկացնել հետևյալ խմբերին՝ պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ և վարչական կազմի աշխատակիցներին, Արցախի պետական համալսարանի ուսանողներին, հասարակական ակտիվություն ցուցաբերած և բարձր առաջադիմությամբ, գերազանց և բարձր առաջադիմությամբ, ինչպես նաև ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներին: Անվճար ուղեգրերի տրամադրման կարգը և չափանիշները կքննարկվեն առաջիկայում, ինչի առնչությամբ կլինի լրացուցիչ ծանուցում:
Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց ՀՊՏՀ պատվավոր կոչումների շնորհման կանոնակարգը, որը հաստատվեց, ապա զեկուցեց 2018-2019 ուսումնական տարվա բեռնվածության բաշխման առաջնահերթությունների մասին: Սույն որոշումը նույնպես ընդունվեց, ինչի առնչությամբ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հայտարարեց, որ չնայած ուսումնական բեռնվածության ծավալի՝ օբյեկտիվ պատճառներով նվազմանը, այդուհանդերձ համալսարանի ղեկավարությունը փորձելու է այնպես անել, որ դասախոսական կազմի աշխատակիցները շատ չտուժեն:
Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը զեկուցեց նաև «ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի միջին մասնագիտական կրթական բոլոր ծրագրերով ուսման վարձի չափերը սահմանելու մասին» հարցը՝ հայտնելով, որ քոլեջից առաջարկ է ներկայացվել ուսման վարձերը տարբերակել և նվազեցնել՝ նախկին 250.000 ՀՀ դրամի փոխարեն մի շարք մասնագիտությունների դեպքում դարձնել 200.000, որոշների դեպքում էլ 220. 000 ՀՀ դրամ: Առաջարկը հաստատվեց:
Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը զեկուցեց մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանի և նույն ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ծովինար Կարապետյանի ընդհանուր ղեկավարությամբ և խմբագրությամբ «Տարածքային զարգացման քաղաքականություն. թեստեր և խնդիրներ» ուսումնական ձեռնարկի հրատարակությունը երաշխավորելու մասին հարցը, որը հաստատվեց:
Բոլոր որոշումները առաջիկայում կհրապարակվեն ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ գիտխորհրդի որոշումների և քաղվածքների բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին