Ակնկալիքներն ինձնից շատ-շատ մեծ են, կփորձեմ արդարացնել դրանք. Կարեն Սարգսյան

Դիտումների քանակ՝ 1655

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Կարեն Սարգսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Կարեն Սարգսյանը ՀՊՏՀ Change Lab-ի համահիմնադիրն է, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի, Գյումրու մասնաճյուղի դասախոս, և այդ կապակցությամբ asue.am զրուցել է նրա հետ:

-Պարոն Սարգսյան, շնորհավորում ենք նոր ու պատասխանատու պաշտոն ստանձնելու առիթով: Ո՞րն է ոլորտը բարելավելու Ձեր տեսլականը, ի՞նչ սպասել առաջիկայում, ներկայացրեք, խնդրում ենք, մի քանի առանցքային ուղղություններ:

-Նախ, շնորհակալ եմ շնորհավորանքների համար և կարծում եմ, որ դեռ առիթներ կլինեն իրական շնորհավորանքներ հնչեցնելու իրական հաջողությունների ներքո։ Իմ տեսլականն է երեխային և աշակերտին տրամադրվող դաստիարակչական ու կրթաուսումնական ծառայությունների մատուցման որակի բարձրացումը։ Դրան հասնելու համար ընտրելու ենք 3 հիմնական ուղղություններ՝ գիտելիքի թարմացում, հմտությունների կատարելագործում, կառավարման համակարգերի բարելավում։

-Ի՞նչ նորամուծություններ են նախատեսվում:

-Փորձելու եմ ներդնել սոցիալական կառավարման մոդելները, որոնք հնարավորություն կտան խնդրի ձևակերպման, լուծումների առաջարկման, արդյունավետ տարբերակների ընտրության գործընթացը դարձնել ներառական և կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները։

-Դուք նաև կարճաժամկետ դասընթացներ եք անցկացնում, Ձեր նոր աշխատանքը համատեղելո՞ւ եք ոչ ֆորմալ կրթության ոլորտի գործունեության հետ:

-Այո, իհարկե շարունակելու եմ, քանի որ օրենքով թույլատրվում է զբաղվել կրթական, գիտական, ստեղծագործական բնույթի աշխատանքներով՝ չնայած այն բանին, որ ծանրաբեռնվածությունը և աշխատանքի ծավալը մեծ է։

-Եթե ունեք այլ ասելիք, համեցեք:

-Ակնկալիքներն ինձնից շատ-շատ մեծ են, և ես կփորձեմ արդարացնել դրանք։

-Շնորհակալ ենք և Ձեր նոր աշխատանքում հաջողություն ու նշանակալի ձեռքբերումներ ենք մաղթում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին