5 բուհերում կներդրվի «Ներգրավված քաղաքացի» դասընթացը. ՀՊՏՀ-ն նրանց թվում է

Դիտումների քանակ՝ 2926

ԴաբլԹրի բայ Հիլթոն հյուրանոցում այսօր տեղի է ունեցել Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում (ՍԵՊՊԱ) ծրագրի շրջանակներում «Ներգրավված քաղաքացի» կրթական դասընթացի հուշագրի ստորագրման արարողությունը: Քաղաքացիական կրթության ծրագիրը ենթադրում է նոր դասընթաց, որը նպատակ ունի համալրելու Երևանի, Գյումրիի, Վանաձորի հինգ համալսարանների ուսումնական ծրագրերը՝ որպես նախնական փորձնական փուլ:

Դասընթացը նպատակ ունի խթանել ժամանակակից Հայաստանում ակտիվ քաղաքացիության, ժողովրդական կառավարման և մարդու իրավունքների մասին պատկերացումները՝ ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդաբանությունների կիրառման միջոցով ապահովելով արդյունավետ ներգրավման համար անհրաժեշտ գիտելիք, հմտություններ և միջոցներ, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների ամրապնդում:

Միջոցառմանը մասնակցել են «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ» (IFES) - ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Սմբատյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական

Սամվել Կարաբեկյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հյուրեր:

Հուշագիրը ստորագրել են 5 բուհերի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Վանաձորի պետական և Շիրակի պետական համալսարանների ղեկավարները:

Ելույթ են ունեցել Ժերոմ Լեյրոն, Դեբորա Գրիզերը, ՀՀ ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:

Ելույթի խոսք է ասել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ նման դասընթաց ներդնելու հնարավորության համար շնորհակալություն հայտնելով ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությանը և ՀՀ ԿԳՄՍՆ-ին: ՀՊՏՀ ղեկավարը նշել է, որ բուհերի առաքելությունը ոչ միայն լավ մասնագետներ պատրաստելն է, այլև իրավագիտակից քաղաքացիներ դաստիարակելը՝ նրանց մեջ սերմանելով ժողովրդավարական արժեքներ: «Տնտեսագետ կադրերի համար հատկապես կարևոր են քաղաքացիական բարձր գիտակցությունն ու ժողովրդավարական արժեքները, որովհետև հետազոտությունները ցույց են տալիս, որ երկրների ժողովրդավարության մակարդակն ու տնտեսության զարգացումը փոխկապված են, և որքան բարձր է երկրներում ժողովրդավարության մակարդակը, այդքան զարգացած է տնտեսությունը: 2018թ-ից Հայաստանն իրապես որդեգրել է ժողովրդավարության ուղին, ուստի անցումային փուլում գտնվող մեր տնտեսության զարգացման համար առավել կարևոր է ժողովրդավարական արժեքներ դավանող երիտասարդների ներգրավումը: Վստահ եմ՝ այս ծրագիրը մեծ արդյունավետություն կունենա»,- մասնավորապես նշել է Դիանա Գալոյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին