Տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակակից տնտեսագիտությունում. բաց դաս-մրցույթ, որում հաղթեցին բոլորը

Դիտումների քանակ՝ 3368

Ժամանակակից ուսանողը պետք է վարպետորեն տիրապետի տեղեկատվական տեխնոլոգիաներին, դրանք կիրառի մասնագիտության մեջ. այս նշանաբանի ներքո տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասիստենտ Գայանե Տերտերյանը կառավարման 2-րդ կուրսում այսօր կազմակերպել էր «Ինֆորմատիկայի հիմունքներ» դասընթացն ամփոփող մի հետաքրքիր բաց դաս-մրցույթ, որում ներգրավված էին բոլոր ուսանողները: Ներկա էին վերոնշյալ ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանն ու ամբիոնի ներկայացուցիչներ:

Լսարանին ողջունեց Վարդան Սարգսյանն ու իր ուրախություն արտահայտեց ուսանողների խանդավառության կապակցությամբ, հորդորեց նրանց նախանձախնդիր լինել ուսումնառության գործում:

Դասախոս Գայանե Տերտերյանը ուսանողներին հանձնարարել էր բիզնես պլան կազմել՝ կիրառելով այս ուսումնաշրջանում իրենց ստացած գիտելիքները: Տնտեսագիտական նոր պրոդուկտի վրա ապագա գործարարներն աշխատել են շուրջ երկու ամիս և ամենայն պատասխանատվությամբ այսօր ներկայացան դրանց շնորհանդեսին: Լսարանը բաժանվել էր 7 խմբի, կատարել թիմային աշխատանք:

Գայանե Տերտերյանը մրցատյան էր հրավիրել (դասախոսների) և խնդրել 0-6 բալային համակարգով գնահատել բիզնես գաղափարները, նախագծերը, ուսանողների ելույթները: Ուշագրավ էր, որ բոլոր խմբերն արժանացան գնահատողների հիացմունքին և ստացան առավելագույն 6 միավոր:

Մեզ հետ զրույցում Գայանե Տերտերյանն ասաց, որ դասի անցկացման նպատակն արդարացված է. ուսանողները ոչ միայն ամրապնդեցին ինֆորմատիկայի հիմունքներին առնչվող իրենց գիտելիքները, այլև հանրայնացրին գրագիտորեն մշակված բիզնես նախագծեր, հմտացան թիմային աշխատանք կատարելու, լսարանի առաջ անկաշկանդ ու համոզիչ ելույթ ունենալու գործում: Նրա խոսքով, պակաս կարևոր չէր այն, որ դասին ներգրավված էր ուսանողներից յուրաքանչյուրը:

«Ամբիոնի վարիչի հետ որոշել ենք բաց դասեր անցկացնել բոլոր կուրսերում՝ խրախուսելով թիմային աշխատանքը»,-եզրափակեց դասախոսը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին