ՀՊՏՀ-ում աշխատանքի տոնավաճառը համախմբել էր ավելի քան 70 գործատուների և հազարավոր աշխատանք փնտրողների

15.05.2024
Դիտումների քանակ՝ 875

Մայիսի 15-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում պետական գերատեսչությունների, տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 70 գործատուներ և հարյուրավոր աշխատանք փնտրողներ հանդիպեցին Աշխատանքի տոնավաճառի շրջանակներում։

Միջոցառմանը ներկա էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ով ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանի ուղեկցությամբ շրջեց տաղավարներով, զրուցեց գործատուների և տոնավաճառի մասնակիցների հետ։

Աշխատանքի տոնավաճառում իրենց թափուր հաստիքներն էին ներկայացնում և հավանական թեկնածուներ էին փնտրում ինչպես պետական կառույցները, այնպես էլ մասնավոր հատվածի խոշորագույն ընկերությունները՝ առևտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները, վարկային, կրթական, հաշվապահական և աուդիտորական, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, հյուրանոցային և այլ ոլորտների ընկերությունները, որոնք ներկայացնում էին 500-ից ավելի թափուր հաստիքներ։ Աշխատանքի տոնավաճառը բաց էր բոլոր աշխատանք փնտրողների համար, ուստի ՀՊՏՀ ուսանողների, շրջանավարտների հետ իրենց CV-ները և տվյալներն էին նախընտրելի գործատուներին թողնում նաև բոլոր աշխատանք փնտրողները։ Այցելուները տաղավարներում ծանոթանում էին մասնակից կառույցներին և ընկերություններին, մանրամասն տեղեկատվություն էին ստանում թափուր հաստիքների, պահանջվող որակավորումների և հմտությունների, առկա պրակտիկայի հնարավորությունների մասին։

ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը, կարևորելով արդեն 4-րդ տարին անցկացվող տոնավաճառը, նշեց, որ այն աշխատանք գտնելու լավ հնարավորություն է ոչ միայն մեր ուսանողների, այլև բոլոր աշխատանք փնտրողներիի համար։ «Մեր համալսարանը շատ մեծ ուշադրություն է դարձնում իր շրջանավարտների և բակալավրիատի բարձր կուրսի ուսանողների՝ աշխատաշուկայում արագ ինքնաիրացմանը, ինչը մեզ տալիս է նաև մրցակցային առավելություն»,-ասաց բուհի ղեկավարը՝ հավելելով, որ Տնտեսագիտական համալսարանի բակալավրիատի ավարտական կուրսերում մենք ունենք 74% մասնագիտական կայուն աշխատանքի առկայություն, իսկ մագիստրատուրայում՝ շուրջ 90%:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ևս կարևորեց ավադույթի վերածված ՀՊՏՀ նախաձեռնությունը՝ նշելով, որ Աշխատանքի տոնավաճառը ուսանողների համար առաջին աշխատանքը գտնելու, ինչպես նաև գործատուների պահանջներին ծանոթանալու լավ հնարավորություն է։ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ միաժամանակ այսպիսի նախաձեռնությունները աշխատանք փնտրողներին հնարավորություն են տալիս գնահատելու սեփական հմտությունները, հասկանալու գործատուների պահանջները, ավելի կենտրոնանալու աշխատաշուկայում պահանջվող հմտությունների զարգացման վրա։

ՀՊՏՀ գործընկերներից gg ընկերության ներկայացուցիչը նշեց, որ մեծ սիրով և անհամբերությամբ են յուրաքանչյուր տարի մասնակցում Աշխատանքի տոնավաճառին․«Այս պահին gg ընկերությունն ուսանողներին առաջարկում է հերթափոխերով իրականացվող աջակցության մասնագետի, վաճառքի, ծրագրավորման ուղղություններով բազմաթիվ թափուր հաստիքներ»։

Առևտրային բանկերից Inecobank CJSC-ի ներկայացուցիչները նշեցին, որ ՀՊՏՀ աշխատանքի տոնավաճառին մասնակցում են երկու հիմնական նպատակով՝ ներկայացնելու InecoPeople նորաստեղծ բրենդը, որը ներկայացնում է բանկի աշխատանքային հնարավորությունները, բանկի միջավայրը, և երկրորդ՝ ներգրավելու բարձր կուրսերի ուսանողներին կամ շրջանավարտներին՝ առաջարկելով առկա թափուր հաստիքները։ Inecobank CJSC-ի ներկայացուցիչների խոսքով՝ բանկը կարևորում է ուսանողների և երիտասարդ կադրերի հետ աշխատանքը, ինչը հնարավորություն է տալիս մշտապես աճելու և ժամանակի հետ համընթաց շարժվելու։

ՀՀ պետական գերատեսչություններից ֆինանսների նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ իրենց հիմնական նպատակը այսօր երիտասարդ կադրերին աշխատանքային գործընթացներում ներգրավելն է։ Ֆինանսների նախարարությունն այսօր փնտրում էր տնտեսագիտության, մակրոտնտեսագիտության, կառավարման, ֆինանսների, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի, մաթեմատիկական մոդելավորման, բանկային գործի և արժեթղթերի, ինչպես նաև կիրառական վիճակագրության և տվյալագիտության, հաշվապահական հաշվառման և աուդիտի մասնագետներին։

Ուրախալի է, որ բուհ-գործատու կապի ամրապնդմանն ուղղված մեր խոշոր նախաձեռնությունն աննախադեպ հետաքրքրություն էր առաջացրել։

Լուսանկարային շարքն ամբողջությամբ տե՛ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։