Աշխատաժողով՝ միտված բուհ-գործատու խնդիրները միասնաբար լուծելուն

05.05.2023
Դիտումների քանակ՝ 1060

Աշխատանքի տոնավաճառի ավարտին համալսարանում կայացավ «ՀՊՏՀ-աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողով, որին մասնակցում էին համալսարանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ։

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց Աշխատանքի տոնավաճառին վերջիններիս ակտիվ ներգրավվածության համար, ապա ընդգծեց, որ համալսարանը շատերի հետ բարեհաջող համագործակցում է և ողջունում է ցանկացած նոր գործընկերության առաջարկ, որը միտված կլինի աշխատաշուկան որակյալ և բանիմաց կադրերով համալրելուն։

«Տնտեսագիտական համալսարանը համագործակցում է և′ պետական, և′ մասնավոր հատվածի հետ, քանի որ, որպես միակ պետական տնտեսագիտական բուհ, մեծ պատասխանատվություն է կրում աշխատաշուկան որակյալ կադրերով ապահովելու գործում»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորը։

ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ, ՀՊՏՀ դասախոս, տ․գ․թ․, դոցենտ Ժորա Սարգսյանը, անդրադառնալով Աշխատանքային օրենսգրքում կատարված հիմնական փոփոխություններին, ընդգծեց, որ դրանք առավելապես միտված են բարելավելու աշխատող-գործատու հարաբերությունները։ Աշխատաժողովի և Աշխատանքի տոնավաճառի վերաբերյալ Ժորա Սարգսյանը նշեց, որ տոնավաճառին գործատուների ծանրակշիռ ներկայացվածությունը վկայում է բուհի նկատմամբ բարձր վստահության մասին․ «Տոնավաճառների կազմակերպման այն մակարդակը, որ յուրաքանչյուր տարի ունենում ենք, նշանակում է, որ ամեն բան ճիշտ է արվում։ Նմանատիպ միջոցառումները, որտեղ մի հարթակում հանդիպում են գործատուն և աշխատանք փնտրողը, կարծում եմ՝ պետք է շարունակական լինեն, քանի որ համալսարանը դրա ներուժն ու կարողությունն ունի»։

ՀՊՏՀ-աշխատաշուկա համագործակցության ընթացիկ իրավիճակը ներկայացրեց բուհի կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանը՝ անդրադառնալով Տնտեսագիտական համալսարանում շարունակական կրթության և գործընկերների հետ համագործակցային հարաբերությունների զարգացման հնարավորություններին։

Աշխատաժողովի ընթացքում գործընկերների հետ իրականացվեց կարճ հարցում, որի նպատակն էր պարզել վերջիններիս գոհունակության աստիճանը ՀՊՏՀ‒աշխատաշուկա համագործակցությունից, ինչպես նաև ուսանողներից ու շրջանավարտներից։

Այնուհետև աշխատաժողովի մասնակիցների միջև աշխույժ հարցուպատասխան ծավալվեց։ Ի գիտություն ընդունելով գործատուների առաջարկները՝ կապված ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաների, կազմակերպություններում մասնագիտական կրթական ծրագրերի մշակման ու արդիականացման, պարբերական շրջայցերի կազմակերպման, համատեղ հետազոտական գործունեության ծավալման հետ, ռեկտոր Դիանա Գալոյանը վստահեցրեց, որ Տնտեսագիտական համալսարանի կարիերայի կենտրոնի մասնակցությամբ կքննարկվեն գործատուների առաջարկները, կմշակվեն համագործակցային առանձին ձևաչափեր՝ նպատակ հետապնդելով համախոհների հետ միասնաբար լուծել առաջադրված խնդիրները և ապահովել աշխատաշուկայի ընթացիկ պահանջներին համապատասխան կրթություն։